Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը


12:28 , 23 ապրիլ, 2020
Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում նախատեսվում է տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Նախագիծը ներառված է Երևանի ավագանու՝ ապրիլի 28-ի նիստի օրակարգում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետին, որով առաջարկում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը՝ դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ: