Դրամաշնորհի տեսքով օժանդակություն կտրամադրվի 30 վերամշակող կազմակերպության. Էկոնոմիկայի փոխնախարար


13:54 , 22 ապրիլ, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցության ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հաստատվել է 2943 հայտ ընդհանուր 4.34 մլրդ դրամային արժեքով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: 

Փոխնախարարը նշեց, որ ծրագրում նախատեսվում են մի քանի փոփոխություններ, այդ թվում ավանդական այգեգործությամբ զբաղվող գյուղացիներին նույնպես հնարավորություն կընձեռվի օգտվել ծրագրից:

Արման Խոջոյանն անդրադարձավ նաև միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին. «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով օժանդակություն տրամադրել առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարընշելով, որ այս ծրագրի շրջանակներում ոչ միայն պարզապես սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու, այլև համապատասխանեցվելու են միջազգային պահանջներին: Միջոցառման գումարը կազմելու է շուրջ 550 մլն դրամ.

«Մրցույթն արդեն հայտարարվել է և հիմա ամփոփման փուլում է գտնվում: Կարծում ենք` մեկ ամսվա ընթացքում կկարողանանք այդ դրամաշնորհը հասանելի դարձնել վերամշակողներին»,-հավելեց փոխնախարարը: