«Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները հատվածաբար վերաշարադրելիս ոչ լիարժեք է ներկայացրել». Սերժ Սարգսյանի գրասենյակ


12:54 , 17 ապրիլ, 2020

2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցին ի պատասխան նշեց.

«Նիստում ՀՀ երրորդ նախագահի արտահայտած մտքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հատվածաբար վերաշարադրման արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արվել են նախագահ Սարգսյանի կողմից, հետևաբար ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը:

Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրված է և այս տեսանկյունից չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ):

Նիստը, ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ, ամբողջությամբ անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն կարևոր է աշխատանքի ավարտին հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Նախագահ Սարգսյանը, ինչպես երեկ խորհրդարանում հայտարարել է, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում հանգամանորեն կանդրադառնա այս և Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին, որոնք կհետաքրքրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին»: