Մասնագետներն ասել են՝ որոնք են համավարակի ընթացքում կրելու համար առավել ապահով գործվածքները


07:44 , 15 ապրիլ, 2020

Ռուս միկրոկենսաբաններն ու փորձագետները նշել են այն գործվածքները, որոնցից կարված հագուստն առավել շատ պաշտպանվածություն է ապահովում կորոնավիրուսից: Մասնավորապես՝ Ռուսաստանի Կոսիգինի անվան պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան հայտնել է, որ որքան խիտ է գործվածքը, այնքան բարձր է վիրուսից պաշտպանության մակարդակը։ Բարձր խտություն ունի ատլասից, սատինից, թվիդից կարված հագուստը, իսկ ահա տրիկոտաժային ապրանքները, ընդհակառակը՝ այդ հատկանիշը չունեն, ուստի՝ համավարակի ընթացքում խորհուրդ չի տրվում դրանցից կարված հագուստը հաճախ օգտագործել, հայտնում է lenta.ru կայքը։

Ըստ մասնագետների՝ խիտ կտորից կարված հագուստ կրելու դեպքում ուրիշներից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը նվազում է։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս տուն վերադառնալուն պես մանրէազերծել դրսում կրած իրերը:

Նաև խորհուրդ է տրվում խուսափել հագուստից, որի վրա զարդարանքներ կամ այլ պարագաներ կան, ինչպես օրինակ՝ կոճակը: Պատճառն այն է, որ վիրուսը կարող է պղնձի վրա մինչև 4 ժամ, ստվարաթղթի վրա մինչև 24 ժամ, չժանգոտվող պողպատի և պլաստիկի վրա մինչև երեք օր մնալ:

Փորձագետները նաև զգուշացրել են, որ վիրուսներն ու մանրէները կարող են նաև մազերին «կպչել», այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք հավաքած պահել և հաճախ լվանալ։