13:57 , 17 հուլիս, 2013
Գուցե շատ սևեռվեցինք ղազարյանպետրոսին ու նրա դրսևորած անբարո կեցվածքին, սակայն այդ մարդն ինքն է ստիպում Մոսկվայում կատարված ողբերգության խորապատկերին քննարկել նաև իր աղավաղված նկարագրի ու սուտ բարոյականության հարցերը: Հիմա ղազարյանպետրոսը կարծես դարձի է եկել ու ինչ-որ մեղայականի նման բան տեղադրել ֆեյսբուքում՝ իհարկե, չկարողանալով ազատվել իր բարդույթավորված մտածելակերպից, դարձյալ ինչ-որ բաներ ասելով հայրենասիրության, ազատամարտիկների, Մոսկվայում և Ռուսաստանում ամեն օր արթնացող երկու միլիոն հայի մասին... Սա արդեն երեսպաշտության բարձրակետն է, երբ անբարոյականությունը փորձում է պարտակել դեմագոգիայի տակ... Այսպես առավել վտանգավոր է դառնում այս մարդը...
Այժմ նրան սպառնում է դատական գործ և բարոյական վնասի հատուցում, քանզի խախտելով անմեղության կանխավարկածը, նա ոչ միայն հանցագործ է անվանել Հրաչյա Հարությունյանին, այլև անվանարկել է նրան... Կարծում եմ, որ առաջիկայում դատական լսումների ականատեսը կդառնանք, իսկ դրանից սարսափած ղազարյանպետրոսն արդեն իր ,,ալիբին,, է ստեղծում...
Գնալով համոզվում եմ, որ այս մարդու տեսակը դառնում է չափազանց վտանգավոր մեր հասարակության և իրականության համար: Վաղը նա կարող է հենց հեռուստաեթերից անպատասխանատու հայտարարություններ անել, անմեղ մարդկանց կործանման պատճառ դառնալ: Ավելին, կարող է ինչ-որ գումարների համար՝ անգամ վտանգել մեր ազգային անվտանգությունը...
Այս մարդը՝ ղազարյանպետրոսն, ուրեմն, պիտի հեռանա ,,Կենտրոն,, հեռուստատեսությունից, եթե նրա սեփականատերն ու ստեղծագործական հանրույթը, ի տարբերություն նրա, ունեն ազգային և մասնագիտական արժանապատվություն: