Յուջին Շումեյքեր. առաջին ու միակ մարդը, որը թաղվել է Լուսնի վրա


21:00 , 13 ապրիլ, 2020

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք է դրել 1969 թ. հուլիսին: Այդ «ոտքը» պատկանում էր ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին: Սակայն վերջինիս «պատիվ չի վիճակվել» դառնալ միակ մարդը, որը թաղվել է Երկրի արբանյակի վրա: Այդ մարդը դարձել է Յուջին Շումեյքերը: 1999 թ. Շումեյքերի դիակի մոխիրը տեղափոխվեց Լուսին՝ «Լունար Պրոսպեկտոր» կայանի վրա:

Մանկուց երկրաբան

Յուջին Շումեյքերը ծնվել է 1928 թ. Լոս Անջելեսում, սակայն մանկությունն ու երիտասարդությունն անց է կացրել Նյու Յորքում և Բուֆալոյում, որտեղ, եթե հավատանք «A to Z of Earth Scientits» պարբերականին, Յուջինը համարվել է իրական վունդերկինդ: Քանի որ նա հեշտ էր սովորում, հաճախ էր բաց թողնում դասերը՝ այդ ժամանակը իր սիրելի զբաղմունքներին տրամադրելու համար: Տղան ջութակ էր նվագում, մարմնամարզությամբ էր զբաղվում, սակայն ամենից առավել հետաքրքրվում էր հանքային նյութերով: Անգամ ամառային արձակուրդները նա անց էր կացնում քարեր ուսումնասիրելով:

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ, ավարտելով դպրոցը, Յուջինն ընտրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը: Համալսարանում նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Քերոլայնին, ով իր հարևանի քույրն էր: Երիտասարդներն արագ ընդհանուր լեզու գտան: Յուջինն անգամ կարողացավ Քերոլայնին երկրաբանություն սովորեցնել, չնայած որ աղջիկն այդ գիտությունը ձանձրալի էր համարում:

Ներդրում գիտության ասպարեզում

Սկզբում Քերոլայնը որոշել էր իրեն ամբողջապես նվիրել երեխաներին: Միաժամանակ Յուջինը աշխատանքի էր անցել ԱՄՆ երկրաբանության ծառայությունում: Նա ուրանի պաշարներ էր փնտրում, ուսումնասիրում էր հրաբխային ակտիվությունը, ապա նաև՝ մետեորիտներ և այլ տիեզերական մարմիններ: Ինչպես նշվում է «The Value of The Moon: How to Explore, Live, and Prosper in Space Using the Moons Resources» պարբերականում, հենց Յուջին Շումեյքերն է 1960 թ. առաջին անգամ կազմել Լուսնի գեոլոգիական քարտեզը՝ հիմնելով գիտության այնպիսի ճյուղ, որը կոչվում է աստրոգեոլոգիա: Բացի դրանից՝ Շումեյքերը Երկրի արբանյակ թռչելու համար լավագույն թեկնածուներից մեկն էր, սակայն առողջական վիճակի պատճառով դա նրան անել այդպես էլ չհաջողվեց:

Տիեզերական տարածքները Շումեյքերն ուսումնասիրում էր աստղադիտակի օգնությամբ: Յուջինի հավատարիմ օգնականն այդ դժվարին գործում իր կինն էր: Հենց Շումեյքեր ամուսիններն են կանադացի աստղաբան Դավիդ Լևիի հետ 1993 թ. բացահայտել գիսաստղ, որն էլ նրանց պատվին է անվանվել:

Ավտովթար և «թաղում» Լուսնի վրա

Յուջին Շումեյքերը կարծում էր, որ Երկրի վրա Տիեզերքից հաճախ են տարատեսակ մարմիններ, մետեորիներ ընկնում: Հենց ինքն էլ բախումից է մահացել, սակայն ոչ մետեորիտի, այլ ավտոմեքենայի: Ավտոմեքենան, որում գտնվում էին Յուջինն ու կինը, 1997 թ. հուլիսին վթարի ենթարկվեց: Քերոլայնը ծանր վնասվածքներ ստացավ, սակայն ողջ մնաց, իսկ ահա Յուջինը մահացավ հենց դեպքի վայրում: Սակայն անգամ մահը չստիպեց նրան դադարեցնել իր տիեզերական առաքելությունը:

Շումեյքերին շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև նրա երազանքը կատարելու համար աստրոգեոլոգի դիակից ստացված մոխրի մի մասը տեղավորվեց «Լունար Պրսպեկտոր» ամերիկյան միջմոլորակային կայան: 1999 թ. հուլիսի 31-ին կայանը վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթին: Շարունակելով իր գիտական ծրագիրը՝ սարքը կանգ առավ հարավային բևեռի մոտակայում գտնվող խառնարաններից մեկում: Այդպիսով՝ Յուջին Շումեյքերը դարձավ առաջին մարդը, ով թաղվեց մեր մոլորակի միակ բնական արբանյակի  վրա: