Հայրենակիցներ ջան, պետք է կառավարել համաճարակն ու ստեղծել իմունիզացված բարիեր


13:09 , 11 ապրիլ, 2020

Փոքր էի։ Դպրոցական։ Երևի 4-րդ դասարան, ոչ ավել։ Տանեցիները տրամաբանական խնդիրների մի գիրք էին մեջտեղ բերել, կարդում, քննարկում, լուծում էին։ Ես ոչ մի խնդրի լուծում չէի կարողանում տալ, միայն լսում էի էդ աղմուկ-ծիծաղի մեջ մեծերի բանավեճը, որին երբեմն մասնակցում էր քույրս, ով ինձնից մեկ տարի փոքր էր, ու արդարության համար ասեմ՝ երբեմն ճիշտ լուծումներ էր առաջարկում։

Այդ օրն իր պատասխանով ինձ հիացրեց ու հիշողությանս մեջ դաջվեց մի խնդիր հովվի ու հրդեհի մասին, որի պատասխանից ապշել էի, պապանձվել, զարմացել, թե ինչքան պարզ ու ինչքան հնարամիտ կարող է լինել վտանգի հաղթահարումը։

Խնդիրը հետևյալն էր․ հովիվն իր հոտն արածեցնում է չոր դաշտում։ Հանկարծ նկատում է, որ հեռվից ողջ դաշտը շրջապատած հրդեհը դանդաղ ճարակվելով մոտենում է իրեն և հոտին։
Ի՞նչ անի հովիվը, իրեն և հոտը փրկելու համար։

Ու մինչ շատերը մտքում հրդեհով շրջապատված մտածում են, թե ինչպես դուրս գան շրջափակումից կամ ինչպես մարեն կրակը, հովիվն իր շուրջ եղած խոտը սկսում է այրել ու հանգցնել, այրել ու հանգցնել այնպես, որ ստանում է այրված մի տարածք, որը երկրորդ անգամ չի կարող այրվել։ Այսպես կառավարելի հրդեհ ստանալով՝ հովիվն իրեն շրջապատում է ածխացած անվտանգության գոտիով, որից առաջ կրակը չի կարող անցնել։

Իմունիզացված բարիեր։

Հայրենակիցներ ջան, պետք է կառավարել համաճարակը ու ստեղծել իմունիզացված բարիեր։