Փորձենք անկեղծորեն մտորել


22:51 , 10 ապրիլ, 2020

Hraparak.am-ը գրում է․

Հայաստանում շատերի համար էական չէ, թե Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուներից որ թեկնածուն կդառնա հերթական նախագահը: 

Հայաստանում շատերը հետեւում էին յուրաքանչյուր թեկնածուի խոսքին, դիմախաղին, փորձում հասկանալ նրա ելույթներում, հարցազրույցներում թաքնված մտքերի իսկությունը: Սպասում էին լսել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայաստանյան 20-ամյա գործունեության իրենց գնահատականները՝ թե՛ լավը, թե՛ վատը: Սպասում էին արցախյան 26-ամյա հիմնախնդրի քաղաքական լուծման իրենց տարբերակներին: 

Արցախի Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլն ավարտվեց: Թեկնածուներից ոչ մեկը չանդրադարձավ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հայաստանյան 20-ամյա գործունեությանը, մեկ-մեկ կցկտուր բաներ էին ասում, նկարագրում նրանց անցյալի՝ ֆիդայական նախաշրջանի հերոսությունները: Ի դեպ, անցած 20 տարիների ընթացքում հայաստանյան մամուլը չներկայացրեց Արցախում ապրող շարքային քաղաքացիների կարծիքները Հայաստանում ձեւավորված 20-ամյա ռեժիմի, նրանց համերկրացի Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի մասին: Ի հեճուկս դրան՝ հայաստանյան մամուլն ու հեռուստատեսությունը ողողված էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների մասին գովերգերով: Այդուհանդերձ, մի այլախոհ կարծիք սպրդեց հենց Ստեփանակերտի հյուրանոցում: 
Վաղ առավոտյան տարեց հավաքարար կինն ավլում էր հյուրանոցի միջանցքի հատակը: Հարցրինք կնոջը՝ չէ՞ր ցանկանա Հայաստանի նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նա վերադառնա Ղարաբաղ: Չէ որ իրենց համերկրացին է, առաջին նախագահը, Ղարաբաղի հերոս… Կինն ուղղեց կռացած մեջքը, ակնապիշ նայեց մեզ ու ասաց. «Չէ, չէ, չէ, օզըմ չենք», ու կռանալով՝ շարունակեց իր գործը: 

Արցախի Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլում մրցելու է երկու թեկնածու: Ամենահավանական հաղթողը՝ Արայիկ Հարությունյանը, ոգեւորված ասաց, որ պատրաստ է բանակցել բոլորի հետ, բացի Ադրբեջանից: Քաղտեխնոլոգներից մեկն իսկույն արձագանքեց. «Բացառվում է, որ Արայիկ Հարությունյանը դառնա Արցախի Նիկոլ Փաշինյան» («Ժամանակ», 02.04.2020): Քաղտեխնոլոգի այս եզրահանգումը լրացնելու ցանկությունը խեղդում էր մեզ: Ծնվեց լրացված եզրահանգումը. «Բացառված չէ, որ Արայիկ Հարությունյանն Արցախում դառնա հայաստանյան ժամանակաշրջանի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան»: