Ինչպե՞ս է ապրում հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ընտանիքը նրա մահից հետո


20:30 , 10 ապրիլ, 2020

1993 թ. դեկտեմբերին կոլումբիացի նարկոբարոն և քաղաքական գործիչ Պաբլո Էմիլիո Էսկոբարը սպանվեց հատուկ գործակալների կողմից այն տանը, որտեղ թաքնվում էր նրանցից: Ահա թե ինչպես է դասավորվել Էսկոբարի ընտանիքի ճակատագիրը նրա մահից հետո:

Կատարվածից մի քանի ամիս անց մտական հետապնդումների պաճառով Էսկոբարի կինն ու երեխաները ստիպված եղան Կոլումբիայից փախչել սկզբում Մոզամբիկ, ապա՝ շատ այլ երկրներ: Բոլոր պետությունների կառավարությունները մեկը մյուսի հետևից մերժում էին նրանց քաղաքական ապաստան տալու հարցում: Բացառություն էր Արգենտինան:

Տեղափոխվելով Արգենտինա՝ Էսկոբարի կինը՝ Մարիա Վիկտորիան, անվանափոխվեց և Մարիա Իզաբել Սանտոս Կաբալիերոն ընտրեց որպես նոր անուն: Իր երեխաների հետ նա բնակություն հաստատեց Բուենոս Այրեսի փոքրիկ բնակարաններից մեկում: 2000 թ. Մարիա Իզաբելն ու որդին կալանավորվեցին փաստաթղթերի կեղծման և փողերի լվացման մեղադրանքով: Նրանց արգենտինական բանտերից մեկում կալանքի տակ պահեցին 15 ամիս, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ազատ արձակեցին:

Նարկոբարոնի որդին՝ Խուան Պաբլո Էսկոբարը, ևս նոր անուն ընտրեց՝ Խուան Սեբաստիան Մարոկին Սանտոս: Հենց նրա և հոր՝ 1993 թ. դեկտեմբերի 2-ին ունեցած հեռախոսազանգի շնորհիվ է ԱՄՆ և Կոլումբիայի հատուկ գործակալերին հաջողվել պարզել Էսկոբարի թաքստոցի տեղակայման վայրը:

2009 թ. Խուանի ղեկավարությամբ էկրաններին հայտնվեց «Իմ հոր մեղքերը» փաստավավերագրական ֆիլմը: Դրանում Պաբլոյի որդին անդրադարձել է Էսկոբարի զոհերին և կոլումբիական ողջ ժողովրդին և ներողություն խնդրել հոր արարքների համար:

Այժմ Խուանն ապրում է Բուենոս Այրեսում կնոջ և դստեր հետ:

Մանուելան՝ Էսկոբարի դուստրը, նոր՝ Խուանա Մանուելա Մարոկին Սանտոս անունը վերցնելուց հետո լիարժեք կերպով մեկուսացավ հասարակությունից: Այն մասին, թե ինչպես է ապրում ներկայումս աղջիկը, ոչինչ հայտնի չէ: