Արցախում կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած 4 ոստիկաններն ինքնամեկուսացվել են


11:26 , 10 ապրիլ, 2020

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում: