Ամեն ինչ կլիներ ճիշտ և իդեալական, եթե տիկին Նազարյանը հիշեր, թե ի՞նչ է քարոզել ընդդիմություն եղած տարիներին


00:00 , 10 ապրիլ, 2020

Լենա Նազարյանն ասել է, որ 500 հազար դրամը՝ որպես աշխատավարձ, նախարարի համար (նկատի ունի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ընդհանրապես) քիչ է։ Այդ աշխատավարձով աշխատելը նա համարում է մարդկանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում, և կարծում է, որ ոչ մեկ չպետք է այդ պայմաններում տարիներով չարքաշ աշխատի։

Շատ կարևոր բան է ասում տիկին Նազարյանը։ Ես լիովին կիսում եմ իր կարծիքը։ Ես էլ, միանշանակ, այդ աշխատավարձով չեմ համաձայնի վերցնել նախարարի պորտֆելը կամ պատգամավորի մանդատը։ Բայց, ինչպես ասում են, եկեք հասկանանք, թե շան գլուխը որտեղ է թաղված, և ինչու է հանրույթն այսօր զայրույթով արձագանքում տիկին Նազարյանի խոսքին և չի ընդունում այն։

Ամեն ինչ կլիներ ճիշտ և իդեալական, եթե տիկին Նազարյանը հիշեր, թե ի՞նչ է քարոզել ընդդիմություն եղած տարիներին, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել, ի՞նչ խոստումներ է տվել (իր քաղաքական թիմի հետ միասին) հասարակությանը, և որ ամենակարևորն է, ինչպե՞ս ու ինչի՞ համար է եկել իշխանության։ Ավելի ճիշտ՝ ինչպե՞ս և ինչի՞ համար է ժողովուրդը նրան բերել իշխանության։

Ախր «всё гениальное просто»։ Սոցիալական ու տնտեսական հազար ու մի խնդիրներ լուծելու խոստումներով և հենց այդ հույսով իշխանության բերված ուժի ներկայացուցիչը վերջապես խոստովանում է, որ իրենք նվիրյալներ չեն ու չեն պատրաստվում շահագործվել։ Տիկին Նազարյանը մոռանում է իր հեղափոխական կերպարը, մոռանում է իր առաքելությունն այս համատեքստում։ Եվ տիկին Նազարյանը միայնակ չէ (կարդալ՝ մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ...), պարզապես Լենան այն քիչ համարձակներից է, ով բաց տեքստով շպրտում է պոպուլիստի դիմակն ու դրա համար էլ հայտնվել է յուրօրինակ ծուղակում՝ ինքն իրեն հայտարարելով շախ և մատ։

2018-ից այս կողմ երկիրը փաստացի արտակարգ դրության մեջ դրած քաղաքական ուժը սոցիալ-տնտեսական հազարավոր խնդիրները չի համարում առաջնահերթություն, այլ սեփական աշխատավարձի խնդիրն է լուծում (եթե այս տողերը կարդալով մտածեցիր՝ ասում եմ՝ լավ բան չեն արել, ուրեմն ցավում եմ քեզ համար)։ Սա է չընկալվելու և պարտվելու միակ իրական պատճառը։ Բայց արդյո՞ք այսպես կլիներ, եթե այս իշխանությունը չկառուցվեր պոպուլիզմի ուժով։ Չնայած, արդյո՞ք այսօր կունենայինք տիկին Նազարյանի իշխանությունը, եթե չլիներ պոպուլիզմը։

Ցավում եմ, որ երբևէ ձայնս տվել եմ տիկին Նազարյանին։