Այս ամենը պարզապես մեկ-երկու ամսում չի ավարտվելու. Տարասով


22:26 , 9 ապրիլ, 2020

168.am-ը գրում է․

«Միջազգային հարաբերություններն այնպիսի բարձիթողի վիճակում չեն, որպեսզի անտեսվի հակամարտության գոտում տեղի ունեցողը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում շրջանառվող կարծիքներին ու ակնարկներին, թե ԼՂ հակամարտության գոտում ռազմական խնդիրներ լուծելու համար հարմար իրավիճակ է ստեղծվել աշխարհում և տարածաշրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը մնացել է «դեմ առ դեմ» Ադրբեջանի հետ միայնակ՝ կորցնելով Ռուսաստանի կողմից «անվտանգության հովանոցը» և միջազգային հանրության աջակցությունը՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ աշխարհում։

Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող հույսեր կապել արտաքին հովանավորների հետ և պետք է համարժեք գնահատի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Նա ակնարկել է նաև, որ բոլոր չափանիշերով Ադրբեջանն առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, և այդ առավելությունն իրացնելու ժամանակն է։

Ստանիսլավ Տարասովի դիտարկմամբ՝  փորձագիտական կարծիք ներկայացնողները նախ իրենք պետք է ներկայացնեն իրավիճակին համապատասխան վերլուծություններ՝ հասկանալով, որ աշխարհում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ բոլոր երկրներն են կորուստներ ունենում, բոլոր երկրներն են, որ պայքարում են ներկայումս մոլեգնող խնդրի դեմ, և դա միայն Հայաստանը չէ։

Նրանք, ըստ Տարասովի, ավելի լայն աշխարհայացք պետք է ունենան։

Փորձագետի դիտարկումների համաձայն՝ Հայաստանը տնտեսապես ամուր չէ կանգնած հողի վրա, սակայն Ադրբեջանն էլ կախված է նավթի գներից, որոնք գահավիժում են՝ մեծ հարվածի տակ դնելով Ադրբեջանի տնտեսությունը։

«Ուստի, եթե փորձենք նման համեմատություններ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա այն ներկայիս փուլում Ադրբեջանի օգտին չի լինի։ Պետք է մտածել սեփական տնտեսության և հասարակության անվտանգության մասին, պետք է համարժեք գնահատել աշխարհում ստեղծված իրավիճակը և հասկանալ, որ անկանխատեսելի է, թե ինչ փոփոխությունների սա կհանգեցնի ողջ աշխարհում, և պետք է այս իրավիճակում հնարավորինս մտածել կայունության և սեփական ժողովրդի անվտանգության, առողջության մասին։ Այսպիսին պետք է լինի մոտեցումը, այլ կերպ, այլ զարգացում հնարավոր չէ։

Հետևեք այն ամենին, ինչ կատարվում է աշխարհի ամենամեծ ու զարգացած մայրաքաղաքներում։ Սա պարզապես 1-2 ամսում չի ավարտվելու, ունենալու է աշխարհաքաղաքական հետևանքներ, իսկ թե ինչպիսի՝ այս պահին չեմ կարող ասել։ Ուստի, հատկապես՝ հակամարտող երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան այս հարցին։

Ավելի վաղ ասել եմ նաև, որ միջազգային հանրությունը կգնահատեր, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշեին ժամանակավորապես հրադադար հաստատել, դա մեծ քայլ կլիներ. այսօր ևս պնդում եմ։

Սա այնպիսի իրավիճակ է, որ հակամարտությունները, առավել ևս՝ այս փուլում, ինչ-որ կերպ փոփոխելը երկրորդական նշանակություն ունի, քանի որ կա ժողովրդին պահպանելու խնդիր, դատարկ տարածքներն ո՞ւմ են պետք լինելու։ Պետք է ադեկվատ դիտակել բոլոր խնդիրները»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններն այնպիսի բարձիթողի վիճակում չէ, որպեսզի անտեսվի հակամարտության գոտում տեղի ունեցող իրավիճակը։

«Բոլորի ուշադրությունը և ջանքերն ուղղված են պանդեմիայի ճնշմանը, դա է որակվում նաև պատերազմ մարդկության դեմ, մեզ հայտնի է, թե ինչպիսի հետևանքների են հանգեցրել մահաբեր պանդեմիաներն ավելի վաղ անցյալում՝ վերացնելով երկրներ, սահմաններ և այլն: Այդ շարքը շատ երկար կարող է լինել, հենց այդ պատճառով բոլորը պայքարում են այս աղետի դեմ, բայց ոչ մի խնդիր անտեսված չէ նաև»,- ասաց Տարասովը։