Աննա Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով, որի ամբողջ ընթացքը տևել է 1 շաբաթ. «Այլընտրանք» ՀԿ-ն նամակ է ստացել


13:52 , 9 ապրիլ, 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով, որի ամբողջ ընթացքը տևել է ընդամենը 1 շաբաթ:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը՝ նշելով, որ նման բովանդակությամբ նամակ է ստացվել ՀԿ-ի էլեկտրոնային փոստին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացուց, ով նշել է, որ ինքը տիրապետում է վերոնշյալ ինֆորմացիային:

Մանթաշյանը ընթերցեց նամակն ամբողջությամբ՝ չբացահայտելով, սակայն, թե որ բժշկական կենտրոնում է տեղի ունեցել վիրահատությունը:

ՀԿ համանախագահը ընդգծեց ևս մեկ ուշագրավ փաստ, որ դատավոր Դանիբեկյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական գործընթացը կանգ է առել շուրջ մեկ ամիս. դատարանը պատճառաբանում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստերին: