«Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար ներկայիս ռեժիմը ցանկանում է ցույց տալ, որ 9 տարի առաջ ադրբեջանցի սպանած հային պատժում է


18:00 , 7 ապրիլ, 2020

Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է ջավախքցի երիտասարդի ձերբակալությունը, ով 2011թ.-ին ՌԴ-ում ադրբեջանցի է սպանել ազգային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Երեկ ձերբակալվածի փաստաբանը, այսօր էլ հայրը նշում են, որ նախկին իշխանությունները տեղյակ են եղել երիտասարդի՝ ՀՀ-ում գտնվելու մասին, և իրավապահները այցելել են նրան և ասել, որ իր մասին տեղյակ չեն պահի իրենց ռուսաստանցի գործընկերներին, կարող է հանգիստ ապրել իր տատիկի տանը և խնամել նրան:

Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ տարածքում մարդ են սպանել: Անկախ դրդապատճառներից՝ ՌԴ իրավապահ համակարգը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պատժել հանցագործին: Ցանկացած պետություն պետք է այդպես արձագանքի, եթե խոսքը պետության մասին է: Մեր պետությունն էլ պարտավոր է նման կերպ արձագանքել: Սա՝ իրավական տեսանկյունից:

Սաֆարովին հերոսացրած պետության ներկայացուցչի պարագայում հայկական պետությունը նախկին իշխանության ժամանակ քաղաքական որոշմամբ լուծում էր գտել, որը բավարարում էր բոլորին՝ ՌԴ-ին, հայ ժողովրդին, հանցագործության մեջ կասկածվողին: Այսինքն՝ մեր պետությունն ասում է՝ կասկածյալին չեմ գտնում, ՌԴ-ն ասում է՝ կասկածյալին փնտրում եմ, բայց չեմ գտնում, և երկկողմանի լռության պարագայում Լազարյանին ասվել է՝ արածդ ճիշտ բան չէ, բայց, բարոյական ու քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից ելնելով, քեզ ասում ենք՝ ընդհատակ անցի, ոչ մի տեղ մի երևա, «не высовывайся», և մենք ստիպված չենք լինի քեզ ձերբակալել ու դատել:

Ի՞նչ եք կարծում. ՌԴ-ն իր հետախուզական և իրավապահ համակարգով տեղյա՞կ չէր, թե ուր է Լազարյանը: Հարցն, իհարկե, հռետորական է:

Բայց արի ու տես, որ #դեբիլների_ապստամբությունից հետո նոր իշխանությունները որոշել են «ժողովուրդների մերձեցման» ու Ադրբեջանի հետ քիրվայության նոր սերիա սկսելու համար ՌԴ իրավապահներին փաստի առաջ կանգնեցնել՝ հայտնելով նրանց Լազարյանի գտնվելու վայրը: Այսինքն՝ ՌԴ իրավապահներին այլևս ոչինչ չի մնում, քան վերաբացել գործը, Հայաստանից պահանջել Լազարյանին ու դատել նրան:

Ինչո՞ւ են այդպես արել: Որովհետև «կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար ներկայիս ռեժիմը ցանկանում է ցույց տալ, որ 9 տարի առաջ ադրբեջանցի սպանած հային պատժում է: Եվ սա այն դեպքում, երբ ազատության մեջ գտնվող Սաֆարովը հերոսացած ման է գալիս Ադրբեջանում:

Հիմա Լազարյանի ճակատագիրը հանրության ձեռքերում է: Ներկա ռեժիմը նրան արտահանձնելու է ՌԴ՝ դատվելու, եթե հանրությունն աղմուկ չբարձրացնի ու չստիպի Ադրբեջանի հետ սիրախաղի կարոտ մնացածներին չարտահանձնել նրան ու գոնե դատել Հայաստանում: Լազարյանի ճակատագիրը միայն ու միայն մեզնից է կախված: