Daily Digest. 06.04.2020. Նիկոլ Փաշինյանի ստերի և մանիպուլյացիայի գերդոզավորումը


15:45 , 7 ապրիլ, 2020

Antifake.am-ը գրում է․

Հայաստանում շարունակվում է  նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրությունը։ Դեպքերի քանակը ավելանում է. Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում կա 833 կորոնավիրուսով վարակվածության դեպք, գրանցվել է 8 մահ (Ապրիլի 7-ի դրությամբ՝ վարակվածների թիվը հասել է 853-ի)։

Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով կիսվել է «լավ լուրով»։ «Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը։ Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է։ ․․․ Առանձին օրվա համար իհարկե միանշանակ և աներկբա լավ լուր է»,- ասել է նա։

Իր ամեն խոսքից հետո Փաշինյանը չէր մոռանում նշել, որ այն ամենը ինչ նա ասում է՝ «եթե»-ով է. «Եթե, եթե, եթե, եթե ․․․» - ասել է Փաշինյանը։

Անգամ եթե Փաշինյանի ամեն խոսքից հետո «եթե» դնենք, այն միևնույն է կհակասի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանի վերջին օրերի հայտարարություններին։ Այսպես, ընդամենը երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը հրապարակում էր կատարել, որով հայտնել էր, որ 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է, ուստի՝ հաստատման դեպքերի թիվը շարունակում է աճ գրանցել։

Առավել մանրամասն՝ կարդացե՛ք՝ «Փաշինյանը ավետում է բարի լուր՝ հակադրվելով Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման գույժին. հակասություններ կառավարության անդամների հայտարարություններում»։


Իսկ արդեն երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել ամենաշատ «լայքեր» ստացած հարցերին, անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամեն ամիս ստացող պաչգևավճարներին՝ ստելով և մանիպուլյացիաների դիմելով։ Մասնավորապես նա ասաց, որ այդ նպատակի (պարգևավճարների) համար տարեկան օգտագործվում է 1 միլիարդ դրամ գումար։ Եվ  ներկայացրեց իր հաշվարկը, որն արել է հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե այդ առաջարկը իրականություն դարձնեն։

«Հայաստանում կա 503.000 թոշակառու։ Եթե այդ 1 միլիարդ դրամ գումարը բաժանենք թոշակառուների վրա, ստացվում է, որ տարին ամեն թոշակառուի կհասնի այս գումարից 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե օգտատերը այդ գումարը մեծ և կարևոր գումար է համարում, ապա, 2020 թվականի փետրվարի 1-ին այդ գումարից 24 անգամ ավելի են բարձրացրել թոշակը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ստել է պարգևավճարների չափի հետ կապված։ AntiFake.am-ի՝ 2019 թվականին տարբեր պետական կառույցներ ուղարկված հարցումների պաշտոնական պատասխանների արդյունքում հաշվարկել ենք, որ  պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 27.6 միլիարդ դրամ։

Սա այն դեպքում, երբ հարցումներին մերժել են պատասպանել Պաշտպանության նախարարությունը, Քաղավիացիայի կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը և քննչական կոմիտեն։

Այս կառույցներում հատկացված պարգևավճարների ենթադրյալ ամենահամեստ և ամենափոքր թվերով հաշվարկների պարագայում պետական ապարատում միայն 2019 թվականի պարգևավճարների գումարը գերազանցում է 30 միլիարդ դրամը։

Այսինքն, 2019 թվականի պարգևավճարային ֆոնդի խնայման արդյունքում թոշակառուների թոշակը 2020 թվականից հնարավոր կլիներ բարձրացնել միանգամից շուրջ 9000 դրամով։

Ամբողջական հրապարակումը՝ «Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով»