Փաշինյանի լայվային ճգնաժամը


15:16 , 7 ապրիլ, 2020

Մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ։ Սա, թերևս, Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվի միակ շոշափելի դրական ուղերձն էր, իհարկե, «նիսյայով», այն մեծ վերապահումով, որ մենք այդպես էլ չիմացանք, թե երբ է մշակվելու վարչապետի խոստացած նախագիծը։
Մնացած հարցերում Փաշինյանը կա՛մ կրկնվում էր, կա՛մ հակասության մեջ էր մտնում նախկինում արտահայտած իր մտքերի հետ, կամ էլ հարցը «սվաղում» էր։

Օրինակ՝ տխուր էր արձանագրելը, որ մի շարք ոլորտներում Փաշինյանն իրավիճակը չի վերահսկում։ Լայվից մի քանի ժամ առաջ «Ազատություն» ռադիոկայանը Վանաձորից մի ռեպորտաժ էր պատրաստել՝ փաստարկված ներկայացնելով, որ առնվազն այդ քաղաքում հացը թանկացել է, իսկ վարչապետը երեկոյան համառորեն պնդում էր՝ հացի թանկացում չկա։

Կամ Փաշինյանը խոսում է «զանգվածային թեստավորման» մասին, ու զարմանքով հայտնաբերում ենք, որ «զանգվածայինն» օրական 1000 թեստն է։

Չգիտեմ՝ Բաբկենենց հարևան Պողոսը՝ ոնց, ինչ, բայց ես երեկ չհասկացա, օրինակ, թե ինչպես է իմ ընկեր Գերասը ամեն օր Աջափնյակից Շենգավիթ տաքսիով գործի գնալու, երբ նրա աշխատավարձը հազիվ երթուղայինի է ձգում։ Համ էլ, եթե Բաբկենենց հարևան Պողոսը հեղափոխական թունդ ստատուսներ գրող է, իմ ընկեր Գերասը աշխատում է երեք հազարից ավելի աշխատող ունեցող մի ձեռնարկությունում, որը չի փակվել հարկեր շատ մուծելու շնորհիվ, ու երևի էդ պատճառով էլ կառավարության «սրտի» բիզնես է ու չի վախենում ոչ կորոնավիրուսից, ոչ էլ պարետատանից, կարճ ասած՝ աշխատողների առողջությունը պատշաճ ապահովված չէ։

Ու լիքը հարցեր, որոնց պատասխանները չիմացա, օրինակ՝ գազի հարցով Պուտի՞նն է Փաշինյանին համոզել, թե՞ հակառակը։

Նիկոլի լայվն այլևս հեղափոխական ու պաթոսով չէ, գնալով ֆուտբոլի այն խաղին է նմանվում, որտեղ անհամբեր սպասում ես եզրափակիչ սուլիչին։

Հ.Գ. Դե, պարգևավճարների մասին էլ չասեմ․ Սերժի ժամանակ դա ստացողները կոռուպցիներներ էին, հիմա՝ «հրեշտակներ», որոնց շնորհիվ թոշակը երեք հազար դրամով բարձրացել է։ Պատկերացնո՞ւմ եք՝ նախարարն իր 750 հազար աշխատավարձի վրա 750 հազար էլ պարգևավճար է ստանում էդ երեք հազար դրամ թոշակը բարձրացնելու համար։ Բա ոնց չասես՝ հրեշտակ։