Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը


14:57 , 7 ապրիլ, 2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույնի բուժմիավորում՝ բռոնխիտի ախտանիշներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ թվով 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեմ:

Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:

Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա:

Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»: