Շտապօգնությունը թոքաբորբով հիվանդին տարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է


18:02 , 6 ապրիլ, 2020

Factor.am-ը գրում է․

Այս գիշեր դժբախտ դեպք է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 47 տարեկան քաղաքացին ճանապարհին մահացել է: Factor.am-ի տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:

Նա ասաց, որ քաղաքացին թոքաբորբ է ունեցել, իրենք ընդունել են գիշերը և մի քանի ժամ անց տեղափոխել են Երևան: «Ծանր թոքաբորբ է ունեցել, որը հաստատվել է ռենտգենով: Հետազոտություններով պարզվել է, որ ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։

Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել»,- մանրամասնեց ԲԿ տնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդին շտապօգնությունը տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, բայց չեն ընդունել, քանի որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել:

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին:

«Տարել են այնտեղ, քանի որ այդ հիվանդանոցում ընդունում են միայն կորոնավիրուսով հաստատված դեպքերը, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և վատ վիճակով պայմանավորված՝ մահացել է»,- ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շտապօգնությունը նախապես կապ չի հաստատել հիվանդանոցի հետ՝ մինչ քաղաքացուն տեղափոխելը. «Առանց զանգելու, ճշտելու՝ շտապօգնությունը բերել է մեզ մոտ, բայց քանի որ հաստատված կորոնավիրուս չի եղել, չեն ընդունել, որովհետև հրահանգված է ընդունել միայն նրանց»:

Factor.am-ը Աբովյանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ են թոքաբորբով հիվանդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», երբ այն ընդունում է բացառապես կորոնավիրուսով վարակվածներին:

«Ընդհանուր վիճակով և ծանրությամբ պայմանավորված՝ ավելի մոտիկ կլինիկա են տարել, բայց, փաստորեն, կլինիկան պատրաստ է եղել միայն հաստատված դեպքերն ընդունելու»,- պարզաբանեց նա:

Վարդան Մանուկյանն ասաց, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Նա այս գիշեր է դիմել Աբովյանի ԲԿ, մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել Երևան, իսկ մինչ այս՝ մի քանի օր տանը բուժվել է թոքաբորբի դեմ՝ ընտանեկան բժշկի կողմից տրված ցուցումների համաձայն:

Այնուհետ քաղաքացուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ժամը 04:00-ի հատվածում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սակայն ԲԿ-ի ընդունարանում արձանագրվել է քաղաքացու կլինիկական մահը:

«Քաղաքացուն բերել են, և նա միանգամից ընդունարանում մահացել է, մենք չենք հասցրել բուժօգնություն ցույց տալ: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է ունեցել, քանի որ ուղարկել ենք դատաբժշկական դիահերձման»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: