ՀՀ քաղաքացին՝ կորոնավիրուսի և գազի գնի արանքում


16:39 , 6 ապրիլ, 2020

ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի պաշտոնական կայքերից (հղումները կներկայացնեմ մեկնաբանության մեջ) տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։

Թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը, չի նշվում, թեև դրա մասին կողմերի տարածած հաղորդագրությունից կարելի է կռահել, թե ում։ Բայց էականը դա չէ։

Էականն այն է, որ հայկական կողմի տարածած պաշտոնական լուրի մեջ նշվում է, որ քննարկվել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր, սակայն չի նշվում, թե քննարկումն ինչ արդյունք է տվել։

Մերոնք նաև մանրամասն նշել են, թե ուրիշ ինչ է խոսվել։

Ուշագրավն այն է, որ Կրեմլի կայքում ընդհանրապես չի գրվել, որ գազի թեմա է քննարկվել։ Բավարարվել են «Затронуты некоторые актуальные вопросы двустороннего сотрудничества, а также взаимодействия по линии Евразийского экономического союза» ձևակերպմամբ («Շոշափվել են երկկողմ համագործակցության արդիական, ինչպես նաև ԵԱՏՄ ուղղությամբ փոխգործակցության որոշ հարցեր)։ Իսկ մնացած տեղեկատվությունը կարճ է և «չոր»։

Օրերս Փաշինյանն իր նախաձեռնությամբ գազի գին էր քննարկել նաև Լուկաշենկոյի հետ։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել յուրօրինակ «հեռախոսային հանրահավաք»՝ ընդդեմ գազի բարձր գնի։

ՀՀ հպարտ, սև, սպիտակ, հեղափոխական, հակահեղափոխական և այլ որակում ստացած քաղաքացիներին այս պատմության մեջ պետք է հետաքրքրեն բացառապես հետևյալ հարցերը․

1․ Գազի գինը իջնելո՞ւ է, բարձրանալո՞ւ է, մնալու է նույն մակարդակի՞ն,

2. Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի թանկացում չլինի,

3. Ի՞նչ է անելու կառավարությունը, եթե ստեղծված կորոնավիրուսային ճգնաժամի բերած սոցիալ–տնտեսական խնդիրներին ավելանա նաև գազի թանկ գինը։

Մնացածն ընդամենը բառեր են, բառե՜ր, բառե՜ր․․․