Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք, իսկ մեր քաղաքացիները անտեր են մնացել աշխարհի տարբեր երկրներում


13:18 , 5 ապրիլ, 2020

Հիշու՞մ եք՝ Փաշինյանը ոնց էր կանչում ՀՀ քաղաքացիներին, որ գան ու «Այո» քվեարկեն իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Այդ մարդիկ հենց այսօր պետք է Երևանում լինեին ու քվեարկեին։ Այդ մարդիկ Փաշինյանին ու իր կառավարությանը հենց դրա համար էին պետք։ Բայց երբ, իրենց լեզվով ասած, «խիյարը թարս բուսնեց», Նիկոլն ու կառավարությունը ցույց տվեցին, որ թքած ունեցան այդ նույն քաղաքացիների վրա։ Որովհետև Հայաստանի հազարավոր քաղաքացիներ անտեր են մնացել աշխարհի տարբեր երկրներում։

Ուրեմն տեսեք, թե ինչ է կատարվում։ Վաղը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային թռիչք է լինելու դեպի Երևան։ Հայրենիք վերադառնալ ցանկացող ավելի քան 2000 քաղաքացիներից (ըստ պաշտոնական տվյալների) դա կկարողանան անել միայն 220-ը։ Այն էլ՝ իրենք իրենց գումարով են տոմս գնում։ Մնացածը մնում են անորոշության մեջ։ Մինչդեռ ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք։ Չե՞ք կարողանում չարտերների հարց լուծել, ուրեմն ավտոբուսներով բերեք։ Գնացեք պայմանավորվեք Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների հետ ու պարետային ոստիկանության ուղեկցությամբ մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք։ Դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ։ Ընդ որում, պարտավոր եք փոխադրումը պատշաճ կարգով իրականացնել՝ ճանապարհին մեր քաղաքացիների համար սնունդ ու իզոլացված կեցավայրեր ապահովելով։

Սա ի՞նչ խայտառակ վիճակ է։ Մարդիկ դժվար վիճակում են՝ առանց օթևան ու գրպանի գումար։ Հացի փող տվեք բոլոր այն քաղաքացիներին, ում վերադարձը դեռ ձգձգվում է։ Էլ չեմ ասում, որ սանիտարա-հիգիենիկ ոչ մի պայման գրեթե չի պահպանվում։ Նայում էի Մոսկվայի օդանավակայանում տարբեր տեղերից եկած ու մի տեղում կուտակված մեր քաղաքացիներին, Աստված չանի, բա որ նրանցից մեկնումեկը վարակակիր լինի։ Բա որ ուրիշ մեկը հիվանդանա, մահանա։ Հասկանում եք չէ՞, որ դրա պատասխանատուն դուք եք, հպարտ իշխանություններ։ Դրա տակից ո՞նց եք դուրս գալու։

P.S. Այսքանը գրում եմ, ցավոք լավ հասկանալով, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անելու մեր քաղաքացիներին վերադարձնելու համար, այլև ամեն ինչ անում են, որ մարդիկ Հայաստան չգան։ Մի հատ դրանց հաղորդագրությունները նայեք՝ ամեն տեղ որպես հիմնական ինֆո այն են նշում, որ հայրենիք վերադառնալուց հետո 14 օր պահվելու են մեկուսացման հատուկ վայրերում։ Փոխանակ քաղաքացիներին տեր կանգնեն, ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն ու էլ այս կողմ չնայեն։