Երգչուհի Pink-ը կորոնավիրուսից բուժվելուց հետո 1 միլիոն դոլար է նվիրաբերել առողջապահական ոլորտի աշխատակիցներին


13:41 , 4 ապրիլ, 2020

Ամերիկացի հայտնի երգչուհի Pink-ը հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, սակայն արդեն բուժվել է, և մեկ միլիոն դոլար է նվիրաբերել առողջապահական ոլորտի աշխատակիցներին: Աստղն այս մասին հայտնել է Twitter սոցկայքի իր էջում։

«Երկու շաբաթ առաջ երեքամյա որդուս՝ Ջեյմսոնի և ինձ մոտ COVID-19 վիրուսի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեզ բուժող բժիշկը հասանելիություն ուներ թեստերին, և իմ թեստի պատասխանը դրական եղավ»,- գրել է երգչուհին։

Աստղի խոսքով՝ դրանից հետո ընտանիքի հետ միասին երկու շաբաթ նա տանն է մնացել և հետևել բժիշկների ցուցումներին։

«Մի քանի օր առաջ կրկնակի թեստ անցկացրինք, և այժմ բարեբախտաբար արդյունքը բացասական է եկել»,- հավելել է երգչուհին, ինչպես նաև մտահոգություն հայտնել կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերի հասանելիության առնչությամբ՝ նշելով, որ դրա կարիքը շատ-շատերն ունեն, քանի որ հիվանդությունը մեծ կամ փոքր, հարուստ կամ աղքատ չի ճանաչում։

Երգչուհին նաև հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն դոլար նվիրատվության մասին, որից 500 հազար դոլարը կուղղվի Ֆիլադելֆիայի, իսկ մյուսը՝ Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ աջակցելու ամեն օր առաջնագծում պայքարող առողջապահական ոլորտի աշխատակիցներին։