Սևանի պոստում խիստ հսկողություն է, չարենցավանցիների հանդեպ՝ առավել ևս


16:09 , 3 ապրիլ, 2020

Hraparak.am-ը գրում է․

Պարետատան խստացումներից հետո, ինչպես հայտնի է, հանրապետության բոլոր մարզային ճանապարհներին, այդ թվում՝ մայրաքաղաքի մուտքերի մոտ պոստեր են տեղակայվել, որտեղ ոստիկանները կանգնեցնում են անխտիր բոլոր մեքենաներն ու հարցնում՝ ով, որտեղից և ուր է գնում, ստուգում են փաստաթղթերը՝ արդյոք ձևաթուղթ կամ աշխատավայրից տեղեկանք ունի՞, թե՞ ոչ, և ով չի ունենում՝ հետ են դարձնում, լինում է, որ տուգանում են:

Համենայնդպես, այսպես մեզ նկարագրեցին այս օրերին այդ ճանապարհներով անցած և ոստիկանների «ձեռքն ընկած» քաղաքացիները: Օրինակ՝ Չարենցավանի բանկիչներից մեկը երեկ Գեղարքունիքի մարզ՝ Սևան քաղաք է գանցել, մարդ է տարել և հետ եկել և մեզ պատմեց, որ Սևանի ճանապարհին իրեն երկու անգամ կանգնեցրել են, մեկը՝ Հրազդանի մոտ, մյուսը՝ Սևանի «ԳԱԻ պոստի» մոտ: Պարզապես հրազդանի մոտ միայն ձևաթուղթն էին ստուգում, իսկ Սևանի պոստում, որտեղ նաև զրահատեխնիկայով էին հսկում, ավելի խիստ ստուգում են իրականացնում, և որ մեկը փորձում էր առանց համապատասխան ձևաթղթի կամ տեղեկանքի անցներ, հետ էին դարձնում, թույլ չէին տալիս մուտք գործեր Գեղարքունիքի մարզ, որտեղ վարակված դեպք, կարծես թե, չկա:

Ի դեպ, Չարենցավանի բնակիչների նկատմամբ առավել խիստ են, և ծայրահեղ դեպքերում են թույլ տալիս անցնել պոստը՝ թերևս ելնելով նրանից, որ Չարենցավանում վարակվածները շատ են, ավելի ռիսկային գոտի է համարվում: Ու այսքանով հանդերձ՝ տարօրինակ է, որ Չարենցավանում որևէ պոստ չկա դրած, հսկողություն թեև կա՝ ոստիկանները շրջում են քաղաքում, կանգնեցնում ստուգում են, հարկ եղած դեպքում՝ տուգանում, բայց մեկ է՝ այստեղ շատ ավելի ազատ վիճակ է, քան, օրինակ, նույն Սևանում, որտեղ վարակվածներ չկան: Իսկ Չարենցավան մուտք ու ելքը ազատ է, որևէ լուրջ հսկողություն ելումուտ անողների հանդեպ, կարծես թե չկա: Ու անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում պարետատունն այս հարցում: