Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ, ունենալու ենք աղքատության խորացում. փորձագետ


18:37 , 2 ապրիլ, 2020

Aysor.am-ը գրում է.

Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ, ունենալու ենք աղքատության խորացում, որովհետև հիմնականում թիրախավորվում է սոցիալապես անապահով սեգմենտը: Այդ մարդիկ ծախսած գազի դիմաց վճարելու են նույն թիվն, ինչ մնացածները: Մյուս կողմից՝ թիրախավորվելու են տնտեսվարող սուբյեկտները: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը, որ արդեն իսկ ստացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

«ՀԾԿՀ-ն ներկայումս չունի իրական, արդյունավետ և պրագմատիկ գործիքներ՝ ազդելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության սակագնային քաղաքականության վրա: Ըստ 2013 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրերի՝ ընկերության տարեկան շահութաբերույթունը պետք է կազմի 9 տոկոս: Սա բավական բարդ ցուցանիշ է՝ հաշվի առնելով ընկերության ներդրումային քաղաքականությունը և երկրի ներսում գազի սպառման համեստ դինամիկան:

Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական գազային բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ թե պարզապես գնի (գինն ընդամենն ածանցյալ է), այլ պայմանագրերի որոշ հիմնադրույթների վերանայման հարցը: Հիմնադրույթների, որոնք սահմանափակում են Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության իրականացումը», - ասաց Վահե Դավթյանը:

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին արված առաջարկին՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, մեր զրուցակիցը նկատեց.

«Իրականում, բանակցությունների մասին հայտարարվում է վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն երկու օր առաջ պարզ դարձավ, որ այդ բանակցությունները կա՛մ չեն ընթացել, կա՛մ ընթացել են բավականին դանդաղ տեմպերով, կա՛մ չեն բերել արդյունքի, որը կցանկանար հայկական կողմը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակը, կարծում եմ, դրա մասին է վկայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ