Ուշագրավ է, որ ԱԳՆ-ն հղում է անում «Մադրիդյան սկզբունքներին»


12:50 , 2 ապրիլ, 2020

Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ հատկապես ի դեմս վարչապետի, բազմիցս հայտարարել է բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու մասին, պահանջել է մեկնաբանել և պարզաբանել «Մադրիդյան սկզբունքները», նույնիսկ սեփական՝ «Մյունխենյան սկզբունքներ» է հրապարակել: Նրանք պնդում էին՝ սեղանին ոչինչ չկա, ոչ մի թուղթ, և նույնիսկ Արցախի նախագահի թեկնածուներից վարչապետը պահանջում էր վերաբերմունք արտահայտել «Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած» այդ սկզբունքների մասին:

Իսկ այսօր ԱԳՆ-ն ինքն է հղում անում այդ սկզբունքների վրա: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը»,- ասված է Արցախում մարտի 31-ի ընտրությունների վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ:

Աստիճանաբար ավելի ու ավելի է ամրապնդվում այն զգացումը, որ ԱԳՆ-ն ու վարչապետը երկու տարբեր իրողություններում են ապրում, որտեղ ամեն մեկն իր արտաքին քաղաքականությունն է առաջ մղում: