ՀՀԿ-ական աշխատակցի կոչին՝ պարգևավճարները բուժաշխատողներին փոխանցելու վերաբերյալ, քաղաքապետարանից չեն արձագանքել


18:37 , 1 ապրիլ, 2020

Hraparak.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ, ՀՀԿ-ական Նարեկ Թադեւոսյանը պատրաստվում է իր եռամսյակային պարգեւավճարը փոխանցել բուժաշխատողներին։

Նա նաեւ կոչ է արել իր գործընկերներին հետեւել իր օրինակին․

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները բուժաշխատողներին տրամադրելու վերաբերյալ` ես, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից, առաջարկում եմ իմ պարգևավճարը (ոչ միայն ամբողջ մարտի, այլ նաև` ամբողջ եռամսյակի) փոխանցել բուժաշխատողներին: Միաժամանակ, կոչ եմ անում գործընկերներիս, մասնավորապես` ղեկավար կազմին, հետևել իմ օրինակին և փոխանցել իրենց ամբողջ եռամսյակի պարգևավճարը: Վստահ եմ, որ այս ծանր պահին մենք բոլորս պարտավոր ենք օգնել մեր քաղաքացիներին, հայրենակիցներին և լինել մեր բուժաշխատողների կողքին»:

Մեզ հետ զրույցում Նարեկ Թադեւոսյանն ասաց, որ իր կոչի վերաբերյալ դեռևս որևէ մեկի արձագանքի վերաբերյալ տեղեկություն չունի։ 

Հարցին՝ ինչքա՞ն գումար է կազմում իր պարգեւավճարը, նշեց․ «Այս պահին կոնկրետ թիվ չեմ կարող ասել, քանի որ դեռ չի փոխանցվել, իսկ ընդհանրապես գործատուն պարգևավճարը տրամադրում է իր հայեցողությամբ: Իմ նախորդ եռամսյակների պարգևավճարները եղել են 150 000-ից 200 000 ՀՀ դրամի սահմաններում։ Նախապես նշեմ, որ սա քաղաքական որևէ ենթատեքստ չի պարունակում և ընդամենը բարի կամքի դրսևորում է»։