Անհրաժեշտ է մեր հավաքական ձայներով ճնշել և բողոք արտահայտել, մինչ համաճարակն անցնի, և համաճարակից հետո պատմության աղբանոց ուղարկել նաև այս ռեժիմը


01:39 , 1 ապրիլ, 2020

Ինչպես և կանխատեսում էի և դրա արդյունքում արժանանում հայհոյանքների ու քարկոծումների` մեկ-մեկուկես ամսից Հայաստանում կլինի պիկը: Այն լինելու է Հայաստանի ծավալների և բնակչության հարաբերական համեմատությամբ ահռելի մեծ պիկ` առաջացնելով կոր, որ բարձր է լինելու այլ նմանատիպ պետությունների և նմանաչափ բնակչություն ունեցող երկրների կորերից: Այդ կորը ճկել Հայաստանի իշխանություններին չի հաջողվելու:

Մարզահամերգային համալիրի լուսանկարները հենց այդ մասին են վկայում: Իշխանությունը, դրանք հրապարակելով, հետապնդել է նպատակ` արդարացնել տոտալիտարիզմի օրենքի անցկացումը, բայց դրանով բացահայտել է և հաստատել մեր արդեն մեկ ամսից ավելի հնչող մեղադրանքների ճշմարտացիությունը: Իշխանությունն այլևս կանխատեսում է առողջապահական համակարգի փլուզում և ակնկալում, որ հիվանդների քանակն այնքան է լինելու, որ առկա հիվանդանոցային ցանցը չի կարողանալու խնդիրը կառավարել:

Իսկ դրանից կարելի էր խուսափել: Կարելի էր, եթե լսեին մեր զգուշացումները, եթե ականջալուր լինեին համաշխարհային մասնագետներին և արագորեն հետևեին խիստ միջոցներ ձեռնարկող երկրների օրինակներին: Եթե լուրջ վերաբերվեին սպառնալիքին և գավառական, ամոթալի` պինցետով հանելու, օղու մեջ խեղդելու, ում շունը լինելու արտահայտություններով խոսելու փոխարեն գործեին, գործեին, գործեին...

Իշխանությունը` վարչապետ և պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անտեսեց վտանգները, ծաղրեց իրավիճակը, ցածրամակարդակ պիտակավորումներ արեց և ողջ ուժերը կենտրոնացրեց իբրև թե խուճապ թույլ չտալու վրա և իրականությունը վարդագույն ցուցադրելով` թուլացրեց քաղաքացիների զգոնությունը: Միաժամանակ անցկացրեց «ԱՅՈ´»-ի լայն քարոզարշավ, որի ժամանակ անհնար էր, որ չաճեին վարակումները, չկարանտինավորեց սկզբնական փուլում երկիր ժամանողներին, սոցիալական հեռավորության և տանը մնալու կոչեր և ցուցումներ արեց միայն, երբ իրավիճակը դուրս էր եկել արդեն վերահսկողությունից, և մինչև հիմա չի կարողանում խստորեն պահպանել անգամ կուտակումներ թույլ չտալու ռեժիմը:

Իշխանությունը նաև չանցկացրեց համատարած թեստավորում, և որ ամենաաններելին է, թույլ տվեց և անգամ նպաստեց Հայաստանի մի հատվածում` Արցախում այսպես կոչված ընտրությունների անցկացումը համաշխարհային պանդեմիայի պայմաններում, որոնք անցան հակահիգիենայի և տգետ զանգվածների ահռելի կուտակումների պայմաններում:

Սրա համար իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի, իսկ մինչ այդ ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ իր անվտանգությունն անտեսած անչափահաս ապիկարների խմբակը պետք է հեռանա իշխանությունից:

Այդ խմբակն այլևս կենսական վնասներ է հասցնում ժողովրդին և պետությանը և դառնում է ազգային անվտանգության սպառնալիք, նույնքան, որքան Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմներն էին:

Եվ այո´, այս չորս իշխանություններին տարբերակող գծերն այլևս չեզոքացել են: Չորսն էլ նույնանման էություն և բնույթ ունեն: Վերջինն առավել վտանգավոր է, թերևս, իր պոպուլիզմով և ժողովրդական լայն զանգվածներին հիմարացնելու և խաբելու բացառիկ ունակությամբ:

Իմ մոտեցումները մի խումբ հիմարների կողմից դարձյալ կպիտակավորվեն որպես ծայրահեղական, անընդունելի և այլն: Եվ հետո միայն, երբ վարակվածների և մահերի թիվը կդառնա անմարսելի, իսկ մեր այս կանխատեսումը նույնպես՝ իրականություն, մարդիկ կսկսեն հասկանալ, որ պետք էր վաղուց ականջալուր լինել և բացել աչքերը:

Այս ռեժիմացող խմբակի յուրաքանչյուր օրվա գործունեության արդյունքն ու պտուղները մենք վաղն ենք քաղելու: Իսկ այսօրվա գործողությունները շարունակում են լինել անհամարժեք, կիսատ-պռատ, անլուրջ, իսկ Արցախի պարագայում` անգամ բարոյապես հանցավոր:

Անհրաժեշտ է մեր հավաքական ձայներով ճնշել և բողոք արտահայտել, մինչ համաճարակն անցնի, և համաճարակից հետո պատմության աղբանոց ուղարկել նաև այս ռեժիմը: Հայաստանի պատմության մեջ ամենախաբեբա, ամենակեղծավոր և ամենաամբոխավարական ռեժիմը: