Ինչ վիտամիններ են անհրաժեշտ ուղեղը ճիշտ սնուցելու համար


08:11 , 1 ապրիլ, 2020

Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք սնուցում են ուղեղը՝ ստիպելով նրան ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել։

Ցինկը, մագնեզիումը, խոլինը, երկաթը, ֆոլաթթուն․ այսօր կպատմենք օրգանիզմի համար դրանց դերի մասին։

Ցինկի օհգտակար հատկությունները

Ցինկը համարվում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան ուժեղացնող լավագույն միջոցներից։ Կարևոր դեր է խաղում արյունաստեղծման գործում։ Մասնակցում է մարսողական ֆերմենտների սինթեզին։ Ցինկն անհրաժեշտ է օրգանիզմում բազմաթիվ հորմոնների արտադրման համար, օրինակ՝ տեստոստերոնի և ինսուլինի։ Օժտված է հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկությամբ։

Ցինկով հարուստ են արևածաղկի սերմերը, տավարի միսը, տավարի լյարդը, կակաոն, լոբին, հնդկական ընկույզը, դդմի սերմերը, քունջութը, վայրի բրինձը, սոյան, չամանը, ցորենը, վուշը, վարսակը։

Ինչի համար է օրգանիզմին անհրաժեշտ մագնեզիումը

Մագնեզիումն անհրաժեշտ է մկանային և նյարդային համակարգի ֆունկցիաների և սրտի նորմալ աշխատանքի համար: Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը: Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է էներգիայի արձակմանը և սինթեզում սպիտակուցը: Մագնեզիումը դրական ազդեցություն է թողնում սրտանոթային հիվանդությունների, բարձր ճնշման և շաքարախտի բուժման վրա: Մագնեզիումը շատ կարևոր է ուշարության կենտրոնացման և հիշողության համար։ Այն կանխարգելիչ միջոց է նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Մագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լոլիկը, ճակնդեղի տերևները, լոբին, քաղցր կարտոֆիլը, հնդկաձավարի ալյուրը, դդմի կորիզները, գետնանուշը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը: Հիշեցնենք, որ ջուրը նույնպես պարունակում է մագնեզիում:

Խոլին՝ Վիտամին B4

Այս նյութը բարելավում է ուշադրության կենտրոնացումը և հիշողությունը, բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում է գրգռվածությունն ու ապատիայի զգացողությունը, ակտիվացնում է մտածելու գործընթացները։ Ըստ էության, այն կիսավիտամին է համարվում։ Վիտամիններից այն նրանով է տարբերվում, որ ձեր օրգանիզմը ինքնուրույն կարող է այն արտադրել։ Սակայն օրգանիզմը դա բավարար քանկությամբ չի անում, այդ պատճառով այն պետք է նաև սննդի միջոցով ստանալ, իսկ դրանում կօգնեն ձվի սպիտակուցը, տավարի լյարդը, միսը, բրոկոլին, լոլիկը։

Երկաթը՝ ակտիվ ուղեղի համար

Երկաթը մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն միկրոէլեմետներից է: Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4 գ երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձևով լյարդում, փայծաղում և ոսկրածուծում: Երկաթի հիմնական մասը մտնում է էրիթրոցիտների հեմոգլոբինի և միոգլոբինի կազմի մեջ: Երկաթը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվածքներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից։ Այն կարգավորում է վահանաձև գեղձի ֆունկցիան, В խմբի վիտամինների յուրացումը, մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին, կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը, լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին, բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը։ Երկաթը ազդում է նաև մարդու հուզական վիճակի վրա։ Այն մասնակցում է դոպամինի սինթեզին, որը պատասխանատու է բավարարվածության զգացողության, մոտիվացիայի, մտավոր և շարժական գործունեության համար։ Դոպամինի պակասի դեպքում նկատվում են իներտություն, ապատիա, նվազում է մտածողության ունակությունը։

Երկաթով հարուստ են սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, լոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը, միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը:

Ֆոլաթթվի օգտակար հատկությունները

Բժիշկները վաղուց են պարզել, որ ուղեղի աշխատանքը լրջորեն խաթարվում է այն մարդկանց մոտ, որոնք ֆոլաթթվի (վիտամին B9) պակաս ունեն: Հիշողության թուլացում, ցրվածություն, մոռացկոտություն․ այս ամենը տեղի է ունենում ֆոլաթթվի պակասի դեպքում։

Ամենից շատ ֆոլաթթու է պարունակում հում գետնանուշը։ Օրական 150 գրամ գետնանուշը կապահովի ձեզ ֆոլաթթվի օրական անհրաժեշտ նորմայով (400 մկգ)։ Երկրորդ տեղում արևածաղկի սերմերն ու սոյան են, այնուհետև գալիս են մաղադանոսը, լոբին, պեկինյան կաղամբը։

Եթե օրգանիզմում մշտապես առկա են ուղեղը սնուցող վիտամինները և միկրոտարրերը, ապա անգամ հասուն տարիքում դուք հրաշալի հիշողություն և սուր միտք կունենաք։