Ավտոմեքենաների գները 10 տոկոսով նվազել են․ Ավտոներկրողներ


21:17 , 31 մարտ, 2020

168.am-ը գրում է․

Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք, որոնց հույսն այն էր, որ մարտ ամսից՝ ռուսները, ապա՝ ղազախները կգան Հայաստան մեքենա գնելու, անելանելի վիճակում են։

«Վաճառվող ավտոմեքենաների գները 10 տոկոսով նվազել են, բացարձակ չի վաճառվում, առևտուր չկա։ Հույսներս միայն այն է, որ արտակարգ դրությունից հետո գան, գնեն։ Միակ լավ բանն այն է, որ բանկերը մեծ մասամբ դադարեցրել են վարկի տոկոսները պահանջել»,- 168am-ի հետ զրույցում ասաց Զորիկ Իգիթյանը։

Դավիթ Գասպարյանի փոխանցմամբ էլ՝ գնորդ չկա, իսկ գինն իջեցնելը գնորդներին չի բերի շուկա։

«Սահմանները փակ են, ԵԱՏՄ-ից գնորդներ չեն գալիս։ Առաջին հերթին՝ այս կորոնավիրուսից պետք է ազատվենք։ Ոչ ոք չի աշխատում, ու հայտնի չէ, թե ինչքան կտևի այս համատարած գործազրկությունը»,- նշեց նա։

Ավտոներկրողներն ավելի վաղ հայտնել էին, որ 7 տեղանոց մեքենաների հարցն է բարդ, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:

«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- նշել էին նրանք: