Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք (Photo)


11:50 , 31 մարտ, 2020

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցություն «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում:

Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերք 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122մմ հրետանային արկ, երկու 120 մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, «գրադ» հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների, «Սիրիայի օգնության խաչին» պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին են փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են: