Արգելելով մեզ ունենալ գաղափարախոսություն՝ իրեն լիբերալ հռչակած աշխարհը մեզ դատապարտեց այն չարչարանքին, որը մեզ մարդ է սարքելու


09:41 , 31 մարտ, 2020

Երբ Սովետը քանդվեց, ոչ ֆորմալ կապիտուլյացիայի պայմանագրի շրջանակներում պոստ-սովետական երկրներին բազմաթիվ պարտավորություններ էին թելադրվել` սկսած սահմանադրությունից ու տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ: Միտումնավոր քանդվեցին գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Արգելվեց ազգայնական նարատիվը դպրոցներում ու մշակույթում: Սահմանադրական առումով մեզ արգելվել էր այդ ամենը վերադարձնել պահանջող գաղափարախոսությունը: ՌԴ սահմանադրության մեջ այդ արգելքը բառացիորեն ֆիքսված է, մեզ մոտ դրա փոխարեն գրված է, որ մարդն է գերագույն արժեք, որը, ըստ էության, նույնպես գաղափարախոսության արգելք է:

Մինչդեռ մեզ այդ կապիտուլյացիայի ու ինքնաոչնչացման պայմանները թելադրող ԱՄՆ-ում ոչ միայն կա գաղափարախոսություն, այլ նաև փաստացի արգելված է դրա այլընտրանքը: Մարդա մի հազար անգամ լսած կլինեք, թե ինչպես են տարատեսակ ֆիլմերում, քաղաքական ելույթներում և քարոզչության այլ հարթակներում ամերիկացիք խոսում ազատության մասին՝ որպես գերագույն արժեքի: Ի տարբերություն «մարդու»՝ ազատությունը կամ ազատականությունն իրոք գաղափար է ու գաղափարախոսություն է: Ազատականության կամ լիբերալիզմի գաղափարախոսությունը բխում է այն ենթադրությունից, որ մարդը բանական և ռացիոնալ էակ է, և որ երջանկության իր գրավականը սեփական ճակատագրի տերը լինելն է: Այսինքն՝ ենթադրվում է, որ մարդը կարող է լինել երջանիկ միայն, երբ նա կարող է ազատ կայացնել սեփական որոշումները և, ըստ այդմ, ստանձնել դրանց պատասխանատվությունը:

Բուն ենթադրությունը փիլիսոփայական տեսանկյունից, իհարկե, թյուր է ու, ըստ էության, հակաբնագիտական (կամ սատանիստական, եթե խոսենք դավանաբանական լեզվով), և սա է պատճառը, որ այն ամեն դեպքում դատապարտված է ինքնաոչնչացման, ինչն էլ մենք հիմա վկայում ենք: Սակայն պրակտիկ քաղաքագիտական տեսանկյունից մեկ այլ բան է հետաքրքիր: Լիբերալիզմի որջ հանդիսացող ԱՄՆ-ում կա երկու հիմնական քաղաքական կուսակցություն, որոնք թվում է, թե գրեթե անընդհատ իրար դեմ կենաց-մահու պայքար են տանում արդեն մի քանի հարյուրամյակ: Մեկը համարվում է լիբերալ, մյուսը՝ պահպանողական, ու սա է իբր ամերիկական քաղաքական դիալեկտիկայի գրավականը: Ես չեմ նշում՝ որ կուսակցությունն է համարվում լիբերալ, որը՝ պահպանողական, որովհետև պատմության ընթացքում նրանք հաճախ տեղերով փոխվել են, իսկ իրականում երկուսն էլ խորը և համապարփակ լիբերալ փարոսներ են:

Թեկուզև հիմա ԱՄՆ-ի հանարապետականներն են համարվում սպիտակ Ամերիկայի պահպանողներն ու հակաէմիգրանտները, իրականում հենց հանրապետական Լինկոլն է ստրուկներին ազատություն շնորհել, իսկ Դեմոկրատ Ռուզվելտի օրոք ներդրվել են ամենասոցիալիստական և հակաազատական տնտեսական բարեփոխումները: Անկախ այս ամենից՝ երկու կուսակցություններն էլ քարոզում են լիբերալիզմ: Հանրապետականները քարոզում են տնտեսական լիբերալիզմ, այսինքն՝ նվազեցված օրենսդրական կարգավորումներ, փոքր հարկեր, փոքր պետական ապարատ և այլն: Դեմոկրատներն էլ քարոզում են մշակութային լիբերալիզմ՝ ազատ խոսք, ազատ կամք, խղճի ազատություն և այլն:

Բուն կառավարման վրա դա չի ազդում: Կապ չունի՝ ով է նախագահը, երկրի կուրսը չի փոխվում: Ու կապ չունի` ով, ինչքան քվե ունի Կոնգրեսում ու Սենատում, փողերի բաշխման մեխանիզմի վրա դա չի ազդում: Հանրապետականները գալիս են ու բյուջեի հաշվին կրճատում են հարուստների հարկերը, դեմոկրատները գալիս են ու ավելացնում են բյուջեի ծախսերը՝ ուղղելով գումարները իրենց սատարող, օրինակ, դեղագործական հիմնարկներին: Սենց սիրուն պասերով ստեղծվում է պայքարի իմիտացիա, մինչդեռ իրականում ոչ մեկ և ոչինչ չի կարողանում սպառնալ լիբերալիզմին... բացի ժամանակից, իհարկե: Ժամանակը, ինչպես հայտնի է, ամեն ինչ դնում է իր տեղը:

Երբեմնի հզորագույն կայսրությունը 21-րդ դար մտավ քայքայվող ենթակառուցվածքներով` զիջելով զարգացած երկրներին գրեթե բոլոր սոցիալական ցուցանիշներով, աստիճանաբար լքելով արտաքին քաղաքական ճակատները: Ընդ որում, նենց չի, որ ամերիկյան կրթությունը դադարել է լինել լավագույնը, այն պարզապես էականորեն նվազեցրել է լավագույն մասնագետներ պատրաստելու ցուցանիշը: Եթե առաջ տարեկան 100 փայլուն բժիշկ էին տալիս, հիմա նույն համակարգը տալիս է 10-ին, որոնցից 4-ը չինացի ու հնդիկ են, ևս 2-ը՝ այլ ազգի գաղթականներ: Պատճառն այն է, որ միջին սպիտակ ամերիկացին չի ուզում, ոչ մի բան չի ուզում: Ոչ սովորել, ոչ աշխատել ոչ էլ մեծ առումով ապրել: Պարզվեց, որ երբ մարդուն տոտալ ազատություն ես տալիս, նա կորցնում է կյանքի իմաստն ու բանական և ռացիոնալ էակից դառնում է կենդանական բնազդներով շարժվող մի անասուն: Պարզվեց այն, ինչ վաղուց էր պարզ: Պարզվեց, որ մարդ կարա լինի ռացիոնալ էակ, բայց կարա նաև չլինի:

Ընդ որում, քանի որ Ամերիկան համարվում է ժողովրդավար երկիր, հասարակության այդ սուիցիդալ տենդենցի հիմնական պատասխանատուն էլ համարվում է ժողովուրդը, որը իբր թե ընտրում է սեփական իշխանությանը: Իրականում, իհարկե, ժողովուրդն Ամերիկայում ոչ մի բան չի ընտրում, շուտով նույնիսկ սեփական սեռական կողմնորոշումը չեն կարողանա ընտրել: Բայց իրենց վստահեցնում են, որ իրենք են ընտրում: Նրանց մի մասը սա հասկանում է ու էլ ավելի է հիասթափվում կյանքից: Սրա արդյունքում ԱՄՆ-ում մարդկանց ընդամենը 30%-ն է վստահում կառավարությանը, մինչդեռ Չինաստանում այդ մարդիկ բնակչության 70%-ն են կազմում:

Ընկերներիցս մեկը մի լավ օրինակի վրա է ցույց տալիս լիբերալիզմի սնանկությունը: Նա ասում է, որ հենց ինքն իրեն լիբերալ հռչակած իշխանությունը քեզ ստիպում է մեքենա վարելիս ամրագոտի կապել, այն սնանկանում է, որովհետև այդ պարտադրանքի հիմքում այն ենթադրությունն է, որ մարդը ռացիոնալ էակ չէ ու ինքնուրույն չի հասկանա, որ ամրագոտին իրեն պետք է:

Իմ կարծիքով մարդն, իհարկե, կարա դառնա ռացիոնալ ու բանական, բայց միայն, եթե իրեն պարտադրես դրա համար չարչարվել: Ազատ չեն ծնվում, ազատ դառնում են: Մարդ էլ, ըստ էության, չեն ծնվում, մարդ դառնում են: Արգելելով մեզ ունենալ գաղափարախոսություն իրեն լիբերալ հռչակած աշխարհը` Եվրոատլանտյան դաշինքը, մեզ դատապարտեց այն չարչարանքին, որը մեզ մարդ է սարքելու: Ասենք մերսի: