Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը. Արցախի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսլականը


06:30 , 30 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում կայացած Արցախի նախագահի թեկնածուները ներկայացրին արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:

Սերգեյ Ամիրյանը նշեց, որ այդ ուղղությամբ պետք է ձևավորվի հատուկ թիմ: «Մենք պետք է առաջ տանենք այն թեզը, որ ոչ մի մետր հող չի զիջվելու: Մայր Հայաստանը մեզ չճանաչեց որպես անկախ հանրապետություն, դրանում ինչ-որ խարդախություն կա»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ, նախևառաջ, ճիշտ կլինի ասել՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն, որովհետև տերմինաբանությունը կարևոր է: «Պետք է պահպանել այն, ինչ կա: Դա հնարավոր է անել: Մենք չենք կարող և չենք վերադառնալու անցյալին»,- ասաց նա:

Վահան Բադասյանի խոսքով՝ պետք է անհապաղ ձևակերպվի Հայաստանի ու Արցախի միացումը, լինի մեկ նախագահ, մեկ ԱԺ, մեկ Կառավարություն: «Արցախը Հայաստան է, և վերջ»,- նշեց նա:

Վիտալի Բալասանյանը նշեց, թե իրենց ծրագիրն է նախևառաջ վերականգնել 1994-1995թթ.-երի այն ֆորմատը, որով ԼՂՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մասնակցում էր բանակացային գործընթացին՝ որպես լիիրավ կողմ: «Մենք կարևորում ենք նաև միջպետական պայմանագրերի կնքումը ՀՀ-ի հետ, քանի որ ՀՀ ռազմական դոկտրինում կա կետ, որ ՀԸՀ-ն հանդիսանում է ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասաց Բալասանյանը:

Աշոտ Դադայանը նշեց, թե տարիներ շարունակ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ, սակայն դրանք անարդունք են: «Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք հզոր պետութուն և հզոր բանակ: Մեր հզորությունը ես տեսնում եմ եռամիասնության մեջ՝ Սփյուռք, Արցախ, Հայաստան: Իսկ փոխզիջման մասին իմաստ էլ չունի խոսել».- ասաց նա:

Դավիթ Իշխանյանը նշեց, թե ՀՅԴ-ի համար ռազմավարական նպատակը չի փոխվել, այն Արցախի և Մայր Հայաստանի վերամիավորումն է: «Պարզապես մենք որդեգրել ենք մարտավարական մեկ այլ ճանապարհ՝ անկախ պետականության միջոցով Հայաստանի վերամիավորում: Նաև մի կարևոր կետ՝ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրում ԱՀ և ՀՀ միջև»,- ասաց նա:

Ռուսլան Իսրայելյանը նշեց, թե հակամարտության կարգավորման տեսլականը մեկը մյուսի նկատմամբ հարգալից, համերաշխ, միասնական  լինելով՝ առողջ հասարակություն ստեղծելու մեջ է տեսնում, որից կստեղծվի հզոր տնտեսություն, հզոր բանակ: «Մեր Սահմանադրությամբ ամրագրված տարածքները միայն մերն են. ոչ մի թիզ հող, Հայաստանի հետ վերամիավորվելու պայմանով»- նշեց նա:

Բելլա Լալայանը նշեց, որ իր կարծիքով՝ բանակցությունների սեղանին չպետք է լինի փաստաթուղթ, որում քննարկվի ազատագրված տարածքների հարցը: «Մենք, եթե ուզում ենք բանակցել Ադրբեջանի հետ, պետք է բանակցենք այն տարածքների մասին, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։