«Այսօրվա ռիսկերն ավելի մեծ չեն, քան ԼՂ հակամարտության պատմության ողջ ընթացքում»․ Սկակով


22:45 , 29 մարտ, 2020

168.am-ը գրում է.

«Կողմերը մշտապես ստիպված են չկորցնել զգոնությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին մի շարք իրադարձությունների։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն էին տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)) կոչ էին արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որը ներկայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին գրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով՝ ինչպես միմյանց, այնպես էլ՝ կողմերի հետ»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:

Կասպրչիկի տարածած հայտարարությունում ասված էր, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակման և անձնական շփումների սահմանափակման:

«Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը»,- ասել էր Կասպրչիկը:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

Նշենք նաև, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին ամսվա հրադադարի խախտումներին՝ նշել էր, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի քննության մեխանիզմներ ներդնել։

Սկակովը նախ նշեց, որ որևէ փորձագետ միամիտ չէ և տեսնում է, որ հրապարակային որևէ դեբատ չի խոսում այն փաստի մասին, որ կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ կողմերի դիրքորոշումներում, ինչ-որ բան է փոխվել։

Նրա խոսքով՝ չկան այդ փոփոխությունները, հետևաբար՝ չեն կարող լինել էական փոփոխություններ հակամարտության գոտում, և վաղ թե ուշ որոշ խախտումներ լինելու էին, ինչպես դա եղել է միշտ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդները չեն կարող այս փուլում հաճախ գտնվել տարածաշրջանում, մոնիտորինգը ժամանակավորապես դադարեցվել է, համանախագահները կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, և այս փուլում կողմերի պատասխանատվությունը էականորեն մեծանում է, քանի որ կան ուղևորությունների սահմանափակումներ, և համանախագահներն ակնարկում են, որ չեն կարողանալու տեղում լինել կամ այցեր կատարել այն ռեժիմով, ինչ արել են ավելի վաղ շրջանում։ Սա նախազգուշական հայտարարություն է։ Ինքս չեմ կարծում, որ ԼՂ հակամարտության գոտում ռիսկերը երբևէ ավելի պակաս են եղել կամ այսօր ավելի են, որովհետև չկա դիտորդական առաքելություն, կարծում եմ, դա չունի այդքան մեծ դերակատարություն, ինչպես շատերը կարող են ենթադրել»,- ասաց Ալեքսանդր Սկակովը։

Ըստ նրա՝ կողմերի միջև իրավիճակի զսպման մի լծակ է գոյություն ունեցել և աշխատել։ Սկակովի կարծիքով՝ ռիսկերը չեզոքացվել են միմիայն կողմերի միջև ռազմական, ինչպես նաև՝ քաղաքական հավասարակշռության պահպանման շնորհիվ։

«Այն, որ միայն հանդիպումները բավարար չէին լինելու կողմերի միջև հրադադարը պահպանելու համար, հայտնի էր արդեն վաղուց, պարզ է նաև, որ որքան շատ լինեն վերահսկող մեխանիզմները, այդ թվում՝ միջադեպերն արձանագրող, այնքան ավելի լավ կլինի կողմերի համար, սակայն ես այն համոզմանն եմ, որ դա ևս լիովին չի չեզոքացնելու ռիսկերը։ Բայց ես նաև կարծում եմ, որ հիմքեր չկան կարծելու, որ Ադրբեջանը կհամաձայնի նման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղան։ Դիրքորոշումներ կարող են փոխվել միայն կողմերից մեկի՝ մյուսի նկատմամբ առավելության դեպքում, իսկ դա կարող է տեղի ունենալ ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման դեպքում։ Այսօրվա ռիսկերն ավելի մեծ չեն, քան հակամարտության պատմության ողջ ընթացքում, կողմերը մշտապես ստիպված են չկորցնել զգոնությունը»,- ասաց Սկակովը։