Նախկին խոստումները ջրեցին. հիմա դրսի շուկաներն ենք նվաճելու


13:04 , 29 մարտ, 2020

168.am-ը գրում է․

Իշխանությունների տված նախկին խոստումները մնացին անցյալում։ Այլևս պարզ է, որ դրանց մասին նույնիսկ անիմաստ է խոսել։

Կորոնավիրուսն ու դրա տնտեսական հետևանքները սրբեցին-տարան այն ամենը, ինչ իշխանությունները փորձում էին հասարակությանը ներկայացնել՝ որպես աննախադեպ ձեռքբերում։ Հիմա արդեն բոլորովին նոր իրավիճակ է։ Հիմա այլևս դժվար է հասարակությանը կերակրել աշխատատեղերի ավելացման կամ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման խոստումներով։ Բոլորն էլ հասկանում են, որ ներկա տնտեսական իրողությունների պայմաններում, երբ ամեն ինչ խառնվել է իրար, դա այլևս իրատեսական չէ։

Տնտեսությունը մտել է պասիվացման փուլ, ու դեռ հայտնի չէ, թե մինչև ուր կարող է գլորվել։ Սպասումները լավ բան չեն խոստանում։

«Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը շատ ավելի խորն է լինելու, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ -Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց, ինչպես ասել եմ նախկինում, այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե՝ որպես ողբերգություն, այլ՝ որպես նոր հնարավորություն` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղն ու դիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության օրակարգն ավելի արդյունավետ կյանքի կոչելու համար»։

Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ այդքան տեղ է ազատվելու, և պետք է այսօրվանից տրամադրվենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի առաջիկա 5 տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը։

Դժվար է ասել, թե նման հայտարարություն անելուց առաջ ինչ է մտածում կառավարության ղեկավարը։ Ամբիցիոզ խնդիր դնելը, անշուշտ, լավ է։ Բայց դա գոնե աննշան պետք է կապ ունենա իրականության հետ։

Իսկ իրականությունն այն է, որ անցած տարի Հայաստանն արտաքին շուկաներ է մատակարարել ընդամենը 2,6 մլրդ դոլարի ապրանք։ Ու երբ վարչապետը հայտարարում է, որ 5 տարում դա պետք է հասցնել 30 միլիարդի, արդեն լուրջ չէ։ Ստացվում է, որ 5 տարում արտահանումը գրեթե 12 անգամ պետք է ավելանա։ Նման բան անգամ երազում դժվար է պատկերացնել։

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, նշենք, որ անցած տարվա, Նիկոլ Փաշինյանի ասած, աննախադեպ բարձր տնտեսական աճի պայմաններում Հայաստանից արտահանումն ավելացել էր ընդամենը 9,4 տոկոսով։ Ու դա կազմել էր հազիվ 228 մլն դոլար։

Հիմա պատկերացրեք, թե ինչպիսին պետք է լինի աճի տեմպը այսուհետ, որպեսզի 5 տարի հետո արտահանումը 2,6 մլրդ դոլարից հասնի 30 միլիարդի։

Մեծ երևակայություն պետք չէ հասկանալու համար, որ սա հերթական փորձն է հասարակության ուշադրությունն այսօրվա խնդիրներից շեղելու և իշխանությունների գործողություններից հիասթափված քաղաքացիների շրջանում ապագայի նկատմամբ հույսեր արթնացնելու համար։

30 միլիարդանոց շուկան գրավելուց առաջ՝ կառավարությունը լավ կանի՝ նախ մտածի արտահանման այսօրվա անկումը դադարեցնելու և դրա ծանր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա կանխելու մասին։ Այլևս հույս չկա, որ այս տարի արտահանման աճ կունենանք։ Մի կողմից՝ բեռնափոխադրումների ոլորտում ծագած դժվարությունները, մյուս կողմից՝ տնտեսական իրավիճակը, լուրջ խնդիրներ են ստեղծել արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների համար։

Այսօր արդեն հայկական ապրանքարտադրողները լուրջ վնասներ են կրում ռուսական շուկայում։ Ռուբլու փլուզումը բերել է նրանց եկամուտների կտրուկ կրճատման։ Չի բացառվում, որ շուտով նրանցից շատերը ստիպված լինեն դադարեցնել՝ ինչպես մատակարարումները, այնպես էլ՝ տնտեսական գործունեությունը։

Ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման վրա կազդի նաև ՌԴ տնտեսական իրավիճակի վատացումը, հասարակության եկամուտների նվազումն ու սպառողական պահանջարկի կրճատումը։

Մինչդեռ, սա այն շուկան է, որին բաժին է ընկնում հայկական ապրանքների մատակարարումների ամենամեծ բաժինը։ Այն կազմում է արտահանման գրեթե 28 տոկոսը։ Խոսքը տարեկան շուրջ 700-750 մլն դոլարի մասին է։ Որևէ այլ երկրի հետ Հայաստանը չունի արտահանման նման մեծ ծավալ։

Ապրանքարտահանողները հերթական անգամ ռուսական շուկան կորցնելու վտանգի առաջ են, իսկ կառավարությունը, նրանց օգնելու փոխարեն՝ ընկել է երևակայությունների գիրկը։

Արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության այլ ճյուղեր ևս, որոնք կապված չեն ռուսական շուկայի հետ, աստիճանաբար մտնում են վնասաբերության դաշտ։ Դա վերաբերում է հատկապես մետաղների արդյունահանմանը։ Միջազգային շուկայում մետաղների գները նվազում են՝ հանգեցնելով արտահանման կրճատման։

Տարին դեռ նոր է մեկնարկել, բայց այս տեմպով շարունակվելու դեպքում դժվար չէ պատկերացնել, թե մինչև տարեվերջ արտահանման ծավալները որքան կարող են նվազել։ Դա մեծ հարված կլինի  Հայաստանի տնտեսությանը։

Ու մինչ արտահանման ոլորտում խնդիրների պակաս չկա, կառավարությունը 5 տարում 30 մլրդ դոլարանոց նոր շուկաներ նվաճելու մասին է խոսում։ Այն դեպքում, երբ շուկաները նվաճում են ոչ թե հայտարարություններով, այլ գործով։ Դրա համար պետք է ունենալ մրցունակ տնտեսություն։ Այնինչ Հայաստանի տնտեսության արտադրողականությունն այսօր չափազանց ցածր է։ Իսկ դա նշանակում է, որ արտահանման մասին խոսելուց առաջ պետք է մտածել տնտեսության տեխնիկական վերազինման մասին։ Եթե կառավարության հույսը հակաճգնաժամային փաթեթով նախատեսված շուրջ 300 մլն դոլարն է, ապա դրանով հաստատ շուկաներ չենք կարող նվաճել։

Ի դեպ, Հայաստանի ՀՆԱ-ն այսօր ընդամենը 13 մլրդ դոլար է։ Մինչդեռ վարչապետը խոսում է 30 միլիարդանոց արտահանման շուկա նվաճելու մասին։ Իսկապես լուրջ չէ։