Արցախ. վաղվա հանդեպ մտահոգությամբ պայմանավորված ընտրություն


02:01 , 28 մարտ, 2020

Կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում այսօր ամենագլխավոր օրակարգային հարցն է, և դա միանգամայն բնական է, քանի որ համաճարակը և նրա հնարավոր հետևանքները ձևավորել են և առաջիկայում կձևավորեն համակարգային լուծումներ պահանջող լրջագույն խնդիրների համախումբ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իրավիճակն ավելի է բարդանում՝ պայմանավորված այն անորոշություններով, որոնք այսօր առկա են գլոբալ զարգացումներում: Ինչպիսին կլինի աշխարհը վաղը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել:

Այս ֆոնին Արցախում ներքաղաքական զարգացումները՝ կապված առաջիկա համապետական ընտրություների հետ, կարծես թե դուրս են մնացել մեր առօրյա հետաքրքրությունների շրջանակից, մինչդեռ հաշվի առնելով վերը նշված անորոշությունների պայմաններում տարածաշրջանում և նրա շուրջ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները և դրանցում ղարաբաղյան հակամարտության՝ որպես գործոնի, կարևորությունը, առանց սխալվելու հավանականության կարող ենք պնդել, որ այդ ընտրությունների արդյունքներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն և ուղղակիորեն դառնալու են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի հուսալի անվտանգության կարևոր գրավականներից մեկը:

Բոլորովին ավելորդ չէ փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, հայ ընտանիքների անվտանգությունը հայկական երկու պետություններում սկսվում է Արցախից:

Անշուշտ, Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուներն ունեն իրենց արժանիքները, սակայն ստեղծված պայմաններում շատ կարևոր է, թե նրանցից ո՞ւմ կարելի է առավել վստահել հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Այսօր սա զուտ Արցախի ներքաղաքական խնդիրը չէ:

Քաղաքական ողջամտությունը և վաղվա հանդեպ մտահոգությունը թելադրում են, որ Արցախի ժողովուրդը նախապատվությունը պետք է տա իր հուսալի և անվտանգ ապագային՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին:

Այդպիսին կլիներ իմ ընտրությունը, եթե ես ընտրելու հնարավորություն ունենայի:

ՀՀ նախկին վարչապետ
Խոսրով Հարությունյան