Այն, ինչ արվում է այսօր Արցախի դեմ, մեծ հանցագործություն է


12:46 , 27 մարտ, 2020

Նախօրեին հայտարարվեց, որ կորոնավիրուսի տարածումն Արցախում կանխելու համար ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես արգելելու է բոլոր քաղաքացիների մուտքը հայկական երկրորդ հանրապետություն։ Մինչ այդ էլ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների բոլոր դիտորդները այնտեղ մեկնելուց առաջ պետք է թեստավորվեն։ Այս միջոցներով Փաշինյանի ռեժիմը փորձում է ցույց տալ, իբր ամեն ինչ անում է՝ պաշտպանելու արցախցիներին մահացու համավարակից։ Իրականում ակնհայտ է, որ նպատակը միանգամայն այլ է՝ օր առաջ լուծել Արցախում նոր իշխանություն ձևավորելու խնդիրը։

Ուզում եմ շատ պարզ խոսել․ այն, ինչ արվում է այսօր Արցախի դեմ, մեծ հանցագործություն է, ընդ որում, բազում շերտեր ունեցող հանցագործություն։ Կորոնավիրուսն արդեն ներթափանցել է Հայկական բանակ, փակել ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց տներում, ավիրել տնտեսություն… Այդքանից հետո ինչ-որ մեկը հավատում է, որ վիրուսը Արցախ չի՞ ներթափանցի։ Լո՞ւրջ։ Ես անգամ վստահ չեմ, որ այնտեղի թեստավորում անցած քաղաքացիների մասին հանրությանը տրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Արցախի Հանրապետության իշխանություններին մինչ օրս ոչ մի թեստ չի փոխանցվել։ Նույնիսկ ռապիդ թեստեր, որոնք կիրառելու բոլոր հնարավորություններն Արցախում կան։ Ոչ ոքի մտքով չի՞ անցել, թե ինչու է այդպես։

Փոխարենը ընտրությունները չհետաձգելու պահանջով էմիսարներ են անընդհատ գործուղվում Արցախ։ Ինչո՞ւ։ Ի՞նչն է պատճառը, որ օր առաջ իրեն հարմար նախագահ ունենալն ավելի կարևոր է Փաշինյանի համար, քան արցախցիների առողջությունը։ Եվ ոչ միայն արցախցիների առողջությունը։ Փաստորեն, կորոնավիրուսն էլ ծխածածկույթ դարձավ Արցախի դեմ մշակված դավադրությունը կյանքի կոչելու համար։ Եվ եթե որևէ մեկին թվում է, թե մարդիկ կույր են, չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, և կամ թե կարողանալու են հետո խուսափել պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում է։