Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ԱԱԾ-ում


05:30 , 27 մարտ, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:

Նախագահ Սահակյանը կարևորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում: