ԱԺ-ն դիտակետում. միլիոնատերերը քչացել են, Ծառուկյանը՝ հարստացել (Video)


22:14 , 26 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Factor.am-ը Parliamentmonitoring.am-ի հետ համագործակցությամբ սկսում է նոր շարք՝ «Օրենսդիրը՝ դիտակետում» խորագրով:

Այս անգամ դիտակետում Ազգային ժողովի պատգամավորների հայտարարագրերն են՝ ներկայացված պաշտոնը ստանձնելու պահին:

Արտակարգ դրության այս օրերին, բացի արտահերթ ու հերթական նիստերին  մասնակցելուց, պատգամավորները պետք է ժամանակ գտնեն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն նոր հայտարարագրեր:

Մինչև այս տարվա մարտի 31-ը, այս անգամ հայտարարագրի նորացված նմուշով, պատգամավորները պետք է ներկայացնեն տարեկան հայտարարագիր՝ 2019-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառող ժամանակահատվածի համար:

Հայտարարագրի նոր նմուշում նորություններ կան. գույքից ու եկամուտներից բացի, արձանագրվելու են նաև գույքի փոփոխությունը տարվա ընթացքում, ֆինանսական հոսքերը, ծագման աղբյուրները: Սա վերաբերում է նաև պաշտոնական անձի ընտանիքի անդամներին: Լինելու է նաև շահերի հայտարարագրում: Հարցը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով:

Նոր և նախորդ՝ 2018թ-ի հայտարարագրերի համեմատությունը ցույց կտա, թե պատգամավորները 1 տարվա ընթացքում որքան են հարստացել, ինչ նոր գույք են ձեռք բերել, որքան գումար են կարողացել հետ գցել: Մինչև դա՝ որոշ ուշագրավ ընդգծումներ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ 1 տարի առաջ ներկայացրած հայտարարագրերից: