Այո, սիրելի պարոն Թանկյան, ժողովրդի վարչապետը ճշմարիտ առաջնորդ է առաջինը հենց Ձեզ համար


18:48 , 26 մարտ, 2020

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Միանշանակ, Դուք ճիշտ եք. ժողովրդի վարչապետը հիրավի ճշմարիտ առաջնորդ է: Միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր ասել «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով հանելու ենք, արաղով ախտահանենք», իսկ նրա թյուրիմացություն նախարարն էլ ասեր․ «Կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն չէ, ուստի հատուկ միջոցների կարիք չկա», և հետո երկրում արտակարգ դրություն հայտարարեր: Այո, միայն ճշմարիտ առաջնորդը կարող էր հայտարարել, որ երկրում օրավարձով աշխատող մարդիկ չկան, ու նրանց համար ոչինչ չի արվելու` հազարավոր օրավարձով աշխատողների, փաստացի, դատապարտելով սովի և աղքատացման:

Այո, սիրելի պարոն Թանկյան, ժողովրդի վարչապետը ճշմարիտ առաջնորդ է առաջինը հենց Ձեզ համար: Ժողովրդի վարչապետի հանցավոր անգործության հետևանքով Հայաստան ներխուժած համաճարակը ամենայն հավանականությամբ քայքայելու է սոցիալ-տնտեսական ողջ համակարգը: Արդյունքում անշարժ գույքի շուկան անկում է ապրելու, եթե չասենք` պայթելու է: Այդ դեպքում, իհարկե, շատ ավելի հարմարավետ պայմաններում Դուք կարող եք իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր վաղեմի խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: «Շնորհավորում եմ»: