Արցախում կայանալիք ընտրություններին հավատարմագրվել են ռեկորդային թվով դիտորդներ. Արցախի ԿԸՀ նախագահի հարցազրույցը


18:14 , 26 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հարցազրույցը` «Ազատ Արցախ» թերթին:

- Տիկին Արզումանյան, լուրեր են պտտվում, թե Արցախում ընտրություններն անցկացվելու են, այսպես ասած, փակ ռեժիմով, առանց լրատվամիջոցների, դիտորդների:

- Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում: Ինչպես նախորդ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր, այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ ընտրական գործընթացը լինի օրենքի պահանջներին համապատասխան, բաց, թափանցիկ: Դիտորդերի և լրատվամիջոցների մասնակցությունն էլ, հավատացնում եմ, բոլոր հիմքերն ունի նախորդ տարիների ռեկորդները գերազանցելու համար:

- Արդեն կարո՞ղ ենք մասնակցության հայտ ներկայացրած լրատվամիջոցների և դիտորդների մասին որոշակի տեղեկություններ հրապարակել:

- Սկսենք լրատվամիջոցներից: Այս պահին արդեն ունենք ԿԸՀ-ում հավատարմագրված 13 տեղական՝ արցախյան լրատվամիջոց, 74 ներկայացուցչով: Հայաստանյան լրատվամիջոցներից մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 21-ը, ընդհանուր առմամբ 114 ներկայացուցչով: Միջազգային լրատվամիջոցներից այս պահին հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցչով: Եթե ի մի բերենք, այս պահին արդեն ունենք հավատարմագրված 37 զանգվածային լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով: Ընդ որում, միջազգային լրատվամիջոցների հավատարմագրման ժամկետը դեռ ավարտված չէ:

- Իսկ ի՞նչ կասեք դիտորդների մասին:

- Կասեմ, որ աննախադեպ ակտիվություն է գրանցվել: Եվ դա թվերն են հիմնավորում: Միայն Արցախից 9 կազմակերպություն է հավատարմագրվել: Նրանց կողմից ներկայացված ցուցակներում ներառված դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 437: Ընդ որում, որոշ կազմակերպություններ ներկայացել են բավական մեծ թիմերով: Օրինակ՝ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ներկայացրել է 128 հոգանոց ցուցակ, «Իրավական կրթություն» ՀԿ-ն՝ 119, «Ապառաժ» երիտասարդական միությունը՝ 65 հոգանոց դիտորդական թիմ կունենա, «Հայկի Սերունդ» կազմակերպությունը՝ 46: Այսինքն, բավական մանրամասն և ծավալուն աշխատելու հնարավորություն կլինի:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է հայաստանյան 6 կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդով: Այս դեպքում դիտորդական ամենամեծ խմբերն ունեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ 324 հոգանոց ցուցակով, և «Թրանսփարանսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն՝ 97 դիտորդով: Դիտորդական առաքելության հայտ ներկայացրած հայաստանյան մյուս կազմակերպությունները՝ «Ինքնություն և ազատ կամք», Քաղաքացիական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն, «Թալիշ» սահմանամերձ բնակավայրեր, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպություների դիտորդների թիվը տատանվում է 2-ից 37-ի միջակայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ