Դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը


12:32 , 26 մարտ, 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ պարետի որոշմամբ դադարեցվում է տպագիր մամուլի գործունեությունը։

Հասկանալի է, որ կորոնավիրուսն արագ է տարածվում, և այս քայլը միտված է վիրուսի տարածումը կանխելուն, բայց, հաշվի առնելով լրատվականների դեմ կիրառվող մեթոդները, տպավորություն է ստեղծվում, որ տպագիր մամուլին լռեցնելու միակ հնարավորությունը դրա գործունեության դադարեցումն էր։

Տպագիր մամուլից հնարավոր չէ հոդված հեռացնել, ինչպես օնլայն հարթակներից, իսկ չտպագրվելու դեպքում պարետատունն ազատվում է այդ խնդրից։

Բացի վերը նշվածից՝ նաև բիզնես ոլորտն է տուժում։ Տպագիր մամուլի շատ ներկայացուցիչներ հնարավոր է՝ չվերականգնեն գործունեության դադարից հետո։ Հայաստանում տպագիր մամուլի վիճակն առանց այդ էլ ճգնաճամային է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ իրավիճակի կայունացունից հետո իշխանությունները կօգնեն տպագիր մամուլի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնել իրենց գործունեությունն ու վերադառնալ բնականոն աշխատանքի։