Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը չի պարտվի. Արա Պապյան


11:55 , 16 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Նոր բան չէ, արվել է և արվում է ոչ միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի մակարդակով, այլ նաև Ադրբեջանի նախագահի մակարդակով: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն արտահայտությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: 

Նա, այս կոնտեքստում հիշելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն, ասաց. «Անկախ այն բանից, ինչով է պայմանվորված զենք վաճառելը, ես կարծում եմ՝ Ռուսաստանի վարքը վայել չէ դաշնակցին, ինչպես էլ այն պատճառաբանվի: Ըստ իս` ամենավտանգավոր շրջանը տասնչորս թվականն է: Առանձնացնեմ նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը` ինչքան էլ մենք շեշտենք, որ չի հակակշռում, գոնե ռուս քաղաքագիտական հասարակության մեջ կարծում են, որ Հայաստանի ցանկացած քայլ դեպի Եվրոպա իրենց շահերի դեմ է։ Դա իրականում այդպես չէ, պարզապես որոշ շրջանակներ պատրաստ կլինեն ցուց տալ` տեսեք կարևորությունն ինչքան մեծ է»։

Պապյանի գնահատմամբ` մենք վստահաբար պատերազմում չենք պարտվի, և Ադրբեջանը վստահաբար չի կարող ռազմական քաղաքական պատերազմի գնալ և հաղթանակ տանել. «Հնարավոր պատերազմը ծանր հետևանք կունենա ամբողջ տարածաշրջանի վրա: Մինսկի խմբի անդամ երկրներն էլ պետք է ջանք գործադրեն հարձակվողական զենքեր չտալու համար: Ադրբեջանը պարզապես կարող է նյութական վնաս տալ, բայց կրկնակի անգամ վնաս ինքը կկրի։ Ղարաբաղն էլ, վստահաբար, չի կարող գրավել»: