Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը


05:30 , 25 մարտ, 2020

ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: Այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանը հավելեց, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին և առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին: