Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը մի շարք բժշկական հաստատությունների բժշկական պարագաներ է փոխանցել


12:53 , 21 մարտ, 2020

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի օգնության խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Սիրիայի օգնության խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե տրամադրված բժշկական պարագաների, թե հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։

- Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։