Հստակության բացակությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է իրավանորմի ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման՝ հարվածի տակ դնելով խոսքի ազատությունը


09:44 , 21 մարտ, 2020

Խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես կառավարության գործունեության առաջնահերթություն արտակարգ դրության ժամանակ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կառավարության կողմից ներկայացված նախագծերով նախատեսվում են.

Վերոնշյալ կարգավորումներից առավել խնդրահարույց են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ընդհանրապես առաջարկվող կարգավորումների համաչափության և որոշակիության խնդիրը։

Ըստ էության, վերջին օրերին ԶԼՄ-ների և քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված և դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու և դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը՝ օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ:

Ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումը խնդրահարույց է իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։

Պարզ չէ, օրինակ, թե ինչ չափանիշների հիման վրա է ոստիկանությունը՝ որպես նշված պատասխանատությունը կիրառող մարմին, որոշելու, թե ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ ԶԼՄ-ի կողմից տարածվող տեղեկատվությունն արդյո՞ք հանդիսանում է խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող, թե՞ ոչ։ Այս հարցում հստակության բացակությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է իրավանորմի ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման՝ հարվածի տակ դնելով ժողովրդավար և իրավական պետության բարձրագույն արժեքներից ևս մեկը՝ մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությունը: Այսինքն՝ կամայական սկզբունքով հնարավոր է, որ որոշ ԶԼՄ-ներ կամ ֆիզիկական անձինք ենթարկվեն պատասխանատվության, իսկ ոմանք նույնանման արարքի համար՝ ոչ։

Ինչ վերաբերում է համաչափություն սկզբունքին, Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը, ուստի պարզ չէ, թե ֆիզիկական անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են մի շարք առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։ Հետևաբար առանց անհրաժեշտության հստակ հիմնավորման ցանկացած սահմանափակում հակասահմանադրական է և չի կարող կիրառվել ոստիկանության կողմից։

Լրացուցիչ կանդրադառնամ նաեւ ներկայացված նախագծերի այլ թերություններին: