05:44 , 16 հուլիս, 2013
Ըստ լուրերի՝ մոսկովյան ողբերգական վթարն առաջացրած մարդը ազատամարտիկ է եղել: Ասում են, որ անցյալ տարի բանակում զոհվել էր որդին, և, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով մեկնել էր արտագնա աշխատանքի՝ որդու գերեզմանը սարքելու համար փող աշխատելու նպատակով ...
Առաջին հերթին ողբերգություն է, որ նման անցյալ ունեցող մարդը, ելնելով սոցիալական դրդապատճառներից, մեկնել է ղարիբության:
Ինչպես տեսնում եք՝ ինֆինիտիի կամ բենթլիի ղեկին նստած չի վթարի ենթարկվել, այլ, որպես սևագործ աշխատող՝ խճաքարով բեռնված բեռնատարով: Հավանաբար, որպես էմիգրանտ՝ աշխատել է ծանր ու անկանոն գրաֆիկով, որի արդյունքում էլ զգոնության կորուստ է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է 18 մարդու կյանք խլած այդ ողբերգությանը:
Վթարը հաստատ դիտավորյալ չի տեղի ունեցել, իսկ զոհերի թիվը մեծ է, քանի որ իր բեռնատարի թափքի խճաքարերն են արագության տակ շատերին սպանել ...
Չեմ արդարացնում: Այո, հանցանք է կատարվել, որի համար հիմա օրենքի առջև է կանգնել և ենթակա է պատասխանատվության:
Բայց ...
Բայց նման կերպ՝ ծաղրուծանակի ենթարկելու համար կանացի խալաթ հագցնելով նվաստացնել, ստորացնելն էլ հանցանք է, որը պատիվ չի բերում ՌԴ-ի նման մեծ երկրին: Շովինիստական և ռասիստական մոտեցումները չնայած նրանց բնորոշ են (հատկապես կովկասցիների, անդրկովկասցիների և միջինասիացիների հանդեպ) , բայց միևնույն է, նույնպես դատապարտելի ստոր երևույթներ են: