22:00 , 20 մարտ, 2020Համաճարակն արդեն իսկ հսկայական ազդեցություն է ունեցել աշխարհի վրա. խոշորագույն քաղաքները փակ են, ինքնաթիռները չեն թռչում, իսկ մարդիկ տանից դուրս չեն գալիս: Այս ամենն ազդել է նաև մոլորակի էկոլոգիայի վրա. կորոնավիրուսն ունեցել է և շարունակում է ունենալ կողմնակի ազդեցություններ:
Այսպես, նախորդ ամիս ՆԱՍԱ-ն լուսանկարներ էր հրապարակել արբանյակից: Դրանցում պարզ երևում էր, որ Չինաստանում օդը բավականաչափ մաքրվել է: Մասնագետները սա կապում են Չինաստանի գործարանների գործունեության ակտիվության նվազման հետ: Կորոնավիրուսի տարածման պատճառով շատ արտադրություններ դադարեցրել են իրենց աշխատանքը: Բացի դրանից՝ մարդիկ դադարել են երթևեկել ավտոմեքենաներով: Այսպիսով, կրճատվել է մթնոլորտ արտամղվող նյութերի քանակը:
Էկոլոգիական վիճակը բարելավվել է նաև Եվրոպայի երկրներում: Համաձայն Եվրոպական տիեզերական գործակալության լուսանկարների՝ Իտալիայում մաքրվել է օդը, ինչպես նաև նվազել է ազոտի երկօքսիդի թափոնների քանակը:
Վենետիկի բնակիչները ևս արտասովոր փոփոխություններ են նկատել քաղաքում: Այն բանից հետո, երբ Իտալիայում համընդհանուր կարանտին հայտարարեցին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ջրանցքների ջրերը թափանցիկ դարձան: Այնտեղ հայտնվեցին կարապներ, բադեր, ձկներ և անգամ դելֆիններ: «Պատճառն» այն է, որ Վենետիկ այժմ չեն այցելում զբոսաշրջիկներ, իսկ տեղի բնակիչները փակված են տանը: Ջրանցքներում անհամեմատ ավելի քիչ նավակներ և ջրային տաքսիներ են շրջում:
Թաիլանդի կենդանիների բախտն այնքան չի բերել, որքան Վենետիկի կարապներինը: Կապիկները սովորել են, որ իրենց պետք է կերակրեն զբոսաշրջիկները: Սակայն համաճարակի պատճառով վերջիններս կենդանաբանական այգիներ այլևս չեն հաճախում: Կապիկները ստիպված են ինքնուրույն սնունդ հայթայթել, ինչի պատճառով էլ նրանք խմբեր են կազմում և կռիվ սկսում սննդի համար: