23:42 , 15 հուլիս, 2013
Football365.am-ը գրում է.
«Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս համալրեց Դորտմունդի «Բորուսիայի» շարքերը, շարունակում է զարմացնել բոլորին: Եվ ոչ միայն իր ֆուտբոլային որակներով, այլեւ իր ինտելեկտով: Օրինակ` իր լեզվաբանական գիտելիքներով. Հենրիխն արդեն հինգ լեզվի է տիրապետում, եւ ակումբում ոչ մեկը չի կասկածում, որ շուտով կտիրապետի նաեւ վեցերորդին: Այսինքն` գերմաներենին», – գրում է գերմանական Kicker-ը այսօրվա համարում:
Եվ այն մարդկանցից մեկը, ով բոլորից շատ է ուրախանում Հենրիխի առաջընթացով, «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորքն է: Նա, ով իր 15-ամյա գործունեության ընթացքում՝ իր պաշտոնում, այդքան ֆուտբոլիստ է տեսել, զարմանում է, թե ինչպիսի արագ տեմպերով է Մխիթարյանը հարմարվում միջավայրին, թիմին եւ նրա խաղին:
«Այնպիսի տպավորություն է, որ եւս մեկ շաբաթ, եւ Հենրիխի լիովին կինտեգրվի մեր ակումբին», – ասել է Ցորքը:
Հայ ֆուտբոլիստն իր առաջին մամուլի ասուլիսին խոսեց ֆրանսերեն: Ասուլիսի ժամանակ նա խոստացավ, որ կանի ամեն ինչ, որպեսզի ակումբը չզղջա ոչ մի ցենտի համար, որ ծախսել է իր տրանֆերի վրա:
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասում է. «Չեմ կարողանում կշտանալ այն դրվագից, երբ տեսնում եմ, թե ինչպես է Իտալիայի հավաքականի ողջ թիմն ընկած Հենրիխի հետեւից: Ավելի լավ պարզապես հնարավոր չէ, որ գործերն ընթանան»:
Մխիթարյանի խաղը թուրքական «Բորսասպորի» հետ ապացուցեց, որ նա բարձր խաղային որակների է տիրապետում: Հենրիխը ճշգրիտ եւ սուր փոխանցումների է տիրապետում եւ նոր լիցք է հաղորդում առանց այն էլ զորեղ թիմին: Հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ասում է. «Մխիթարյանի հետ համագործակցելը շատ հաճելի է»:
Այո, այս տղան շատ խելացի է դաշտում եւ ինտելեկտուալ ֆուտբոլ է ցուցադրում: Դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք նրա խոսքերը. «Ես անընդհատ սովորում եմ: Եթե դադարես սովորել, ապա արդեն մահացել ես»:
Թիմի պաշտպան Մարսել Շմելցերը շատ լավ է հասկացել այս տղայի մոտեցումը կյանքին եւ իր պարտականություններին: Եվ ասում է. «Երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի Մխիթարյանը տիրապետի նաեւ գերմաներենին»:
Հայ ֆուտբոլիստը շատ հետաքրքրասեր է, անընդհատ հարցեր է տալիս եւ ուշադիր լսում պատասխանները: Բացի այդ, նա շատ գրագետ է սկսել արտահայտվել գերմաներենով, երբ ցանկանում է որեւէ բան ասել գերմաներեն:
Իսկ Կլոպը, ով խորհուրդ է տալիս Մխիթարյանին չմտածել իրեն տրվող գնահատականների մասին, շարունակում է. «Նա իր որակներն ունի ստեղծագործ գործողությունների ժամանակ: Չնայած դա Դոնեցկում այդքան էլ պահանջարկի մեջ չէր, մենք ենթադրում էինք, որ նա ունի նման որակներ: Նրա մասին չի կարելի ասել, որ նա ընդգծված հարձակվող կամ կիսապաշտպան է: Սակայն Մխիթարյանն ավելի շատ դեպի դարպասն է միտված»: