Հայաստանի որոշ տարածքներում բուք է, կան փակ ճանապարհներ


02:45 , 19 մարտ, 2020

Մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն։

Դիլիջանի (միայն բեռնատարների համար), Սպիտակի, Ջաջուռի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք է) դժվարանցանելի են:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է, կան կուտակված ավտոմեքենաներ:

Սյունիքի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Լոռու մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: