«Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները փոխանցելու նպատակով


12:14 , 18 մարտ, 2020
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ, համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը, և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։