Xiaomi սմարթֆոնը պայթել է սեփականատիրոջ գրպանում


08:46 , 17 մարտ, 2020

Հնդկաստանում Xiaomi Redmi Note 7 Pro սմարթֆոնը բռնկվել է սեփականատիրոջ գրպանում և պայթել: Ընկերությունը բռնկումը բացատրել է սարքի ֆիզիկական վնասվածքների պատճառով, հաղորդում է TechRadar-ը:

Սարքի տերը՝ Վիկեշ Կումարը, պատմել է, որ սմարթֆոնը բռնկվել է նրա տաբատի գրպանում: Տղամարդն այրված հեռախոսը հանել է և գցել պայուսակի մեջ, որից հետո լսվել է պայթյունի ձայնը: Պայթյունի հետևանքով տերն ինքը չի տուժել, բայց հեռախոսն ու պայուսակը խիստ վնասվել են:

Տղամարդը դիմել է Xiaomi-ի սպասարկման կենտրոն, որտեղ, ըստ տուժողի, ընկերության ներկայացուցիչները կատարվածի մեջ նրան են մեղադրել: Կումարը սոցցանցերում նշել է, որ սարքը նորով փոխարինելը նրան արժեցել է սարքի գնի մոտ կեսը:

Արձագանքելով սոցցանցերում հնչած քննադատություններին, Xiaomi-ն բացատրել է, որ սմարթֆոնի բռնկումը տեղի է ունեցել մարտկոցի ֆիզիկական վնասվածքի պատճառով: «Մենք խորապես հոգ ենք տանում մեր օգտատերերի մասին և ցուցաբերում անհրաժեշտ օգնություն»,- ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ: